Բագրատ Մ.-ն Համլետ Ա․-ին թրաֆիքինգի ենթարկելու և շահագործելու դիտավորությամբ 2018 թվականի մայիսին «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարից տեղեկանացել է Համլետ Ա․-ի և վերջինիս ընտանիքի անդամների սոցիալապես անապահով լինելու, աշխատանք, որևէ այլ զբաղմունք կամ մասնագիտություն չունենալու, անչափահաս՝ 2016թ. ծնված 8-ամյա Միլենա Ա․-ին նվազագույն կենցաղային պայմանների ապահովման, եկամտի այլ աղբյուրների բացակայության մասին։
Նա հանդիպել է ընտանիքի հորը, առաջարկել է Արարատի մարզի Հայանիստ գյուղում գտնվող անասնաֆերմայի տարածքում կատարել անասնապահի աշխատանք՝ խոստանալով վճարել ամսական 80.000-150.000 դրամ աշխատավարձ և տրամադրել բնակության կացարան։
Այս մասին հայտնում է Iravaban.net-ը՝ «Դատալեքս» տեղեկատվական համակարգին հղումով։
Նշվում է, որ Համլետ Ա․-ն համաձայնել է և աշխատանքները կատարելու համար 2018թ. հունիսից իր մանկահասակ երեխայի՝ Միլենա Ա․-ի, կնոջ՝ Արմենուհի Ն․-ի, մոր՝ Ա․ Վ․-ի հետ տեղափոխվել ու բնակվել է անասնաֆերմայի տարածքում գտնվող շինությունում։
Շուրջ 2 ամիս նշված վայրում աշխատելու ընթացքում Բագրատ Մ․-ն Համլետ Ա․-ին չի վճարել աշխատավարձ, իսկ թվով 5 գոճիների սատկելուց հետո Բագրատ Մ․-ն ծեծի է ենթարկել Համլետ Ա․-ին և պահանջել նշված գոճիների դիմաց վճարել 2 միլիոն դրամ գումար կամ 3-ից 5 տարի անվճար աշխատել իր համար՝ այդ մասին կազմելով ձեռագիր փաստաթուղթ։
Նույն օրը Բագրատ Մ․-ն սպառնալիքներ հնչեցնելով ստիպել է ձեռագիր փաստաթուղթ կազմել այն մասին, որ վերջինս պարտավորվում է 5 տարի ժամկետով կատարել անասնապահի աշխատանք, հակառակ պարագայում պարտավոր է վճարել իր կողմից վերցված բոլոր վարկերի գումարները և տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերված բնակարանի գումարը։
Դրանից կարճ ժամանակ անց Համլետ Ա․-ի կինը մանկահասակ երեխայի հետ հեռացել է նշված վայրից և բնակություն հաստատել հայրական տանը։ 2018 թվականի նոյեմբերի վերջերին Բագրատ Մ․-ն Համլետ Ա․-ից պահանջել է, որպեսզի անասնապահությունը շարունակելու և ստանձնած պարտավորությունները կատարելու համար տեղափոխվի Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գտնվող տարածք՝ խոստանալով տրամադրել կացարան և անհրաժեշտ սնունդ, ինչին Համլետ Ա․-ն չի կարողացել ընդդիմանալ։
Բագրատ Մ․-ն 2018 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է գործադրել Համլետ Ա․-ի նկատմամբ, ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, սպանության, առողջության վնաս պատճառելու սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, իր այդ գործողությունները զուգորդելով Համլետ Ա․-ին բացի անասնապահի աշխատանքից պարատադրել թ շինարարական աշխատանքներ կատարել, ինչպես նաև անասունների բուժումն ապահովել։
Անասունների սատկելու համար Բագրատ Մ․-ն մեղադրել է Համլետ Ա․-ին՝ նշելով, որ վերջինիս 2 միլիոն դրամ գումարը շուրջ 5 տարվա աշխատանքի արդյունքում ոչ թե պակասել է, այլ ավելացել՝ դառնալով 15 միլիոն, ընդ որում, վերոնշյալ շուրջ 5 տարիների ընթացքում Համլետ Ա․-ն իր կատարած աշխատանքի դիմաց ստացել է ընդամենը շուրջ 25 հազար դրամ գումար։
Այս ընթացքում Բագրատ Մ․-ն նույնիկս պահանջել է իրեն փոխանցել վերջինիս մոր՝ Ա․ Վ․-ի կենսաթոշակը։ Համլետ Ա․-ն մորից պարքով վերցրել է կենսաթոշակը, մինչև 2023 թ․ օգոստոս ամիստ Բագրատ Մ․-ին է փոխանցել շուրջ 2 միլիոն 75 հազար դրամ
Համլետ Ա․-ն կարողացել է ստեղված իրավիճակից դուրս գալ միայն դիմելով ոստիկանության համապատասխան բաժին։
Գործը մուտքագրվել է դատարան, մակագրվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Գեղամ Մարգարյանին, 2024 թվականի հուլիսի 15-ին վարույթ ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին որոշում է կայացվել։
Գործով դատական նիստերն այս պահին ընթանում են, վերջինը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: