Վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրապետականները կառուցողական մոտեցում են ցուցաբերում:
Այս մասին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչի արդյունք են որոշ հանրապետականների՝ վարչապետին աջակցելու հայտարարությունները:

«Ինձ թվում է՝ իրենք շատ լավ հասկանում են հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակը՝ նաև հաշվի առնելով մայիսյան դեպքերի փորձը. ի վերջո, նոր չեն քաղաքականության մեջ: Ինձ թվում է՝ կառուցողական մոտեցում են ցուցաբերում»,- ընդգծեց Արման Եղոյանը:
Հարցին, թե արդյոք այդ անձանց հետ առանձին հանդիպումներ եղե՞լ են, վարչապետի խոսնակը պատասխանեց՝ ոչ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին իրենց աջակցություն են հայտնել ՀՀԿ խմբակցության անդամներ Արթուր Գևորգյանը, Ալիկ Սարգսյանը, Գևորգ Կոստանյանն ու Արման Սահակյանը:


