▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 մլն դոլարի պայմանագրեր է կնքել մորեղբոր հետ

«Հետքը» գրում է․ 2023 թվականի օգոստոսի 30-ին Վեդու համայնքապետարանը 280 մլն դրամի պայմանագիր է կնքել «Նոյավան» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր կառուցել Վեդի համայնքի Վանաշեն, Սիսավան, Գոռավան, Շաղափ և Գինեվետ բնակավայրերի խմելու ջրագծերը։

«Նոյավան» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Գրիգոր Մանուկյանն է։ Նա Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի մորեղբայրն է։

2018-2024 թթ. «Նոյավան» ՍՊԸ-ի հետ կնքվել է 15 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 506 մլն 134 հազար դրամ։ Ընկերությունը շինանյութ, կահույք, կենտրոնացված ջեռուցման համակարգեր է մատակարարել Երևանի քաղաքապետարանին, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին, Պաշտպանության նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Պետական պահպանության ծառայությանը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին։

Գրիգոր Մանուկյանի որդին՝ Գևորգ Մանուկյանը, 2018-ի իշխանափոխությունից հետո աշխատում էր Արարատի մարզպետարանում։ Նա այն ժամանակ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Գարիկ Սարգսյանի օգնականն էր։

Արարատ համայնքի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ Գևորգ Մանուկյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 5-րդ համարն էր։ Այժմ նա Արարատ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։

«Նոյավան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1994 թվականին և, ըստ ՊԵԿ-ի կայքում առկա տվյալների, զբաղվում է շինանյութերի մեծածախ առևտրով։

Ընկերությունը, ըստ armeps.am հարթակի տվյալների, պետական գնումներին սկսել է մասնակցել 2018 թվականից։ «Նոյավան» ՍՊԸ-ն հիմնականում զբաղվել է տարբեր գերատեսչություններին շինանյութերի մատակարարմամբ։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее