Լրագրող Նարինե Ղալեչյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Հարուցվել է քրգործ՝ մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության բողոքի հիմքով:

Անչափահաս երեխայի մայրը հունվարի 31-ին դիմել է ոստիկանություն ու պատմել, թե մանկապարտեզի դայակները խմբի երեխաների միջոցով ստիպել են իր երեխային ուտել հող, խոտ, կղանք, պարանով կապել են փոքրիկի ձեռքերն ու պարանոցը՝ երկաթյա տաք խաղալիքով այրել կրծքավանդակը։
Իրավապահներին դիմած կնոջ պնդմամբ՝ 2019-ի մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ն այդ մանկապարտեզ հաճախած իր երեխայի նկատմամբ պարբերաբար խոշտանգումների պատճառն այն է, որ երեխայի հայրը պակիստանցի է։
Ազատության տեղեկությունով՝ խոսքը Երևանի թիվ 124 մանկապարտեզի մասին է։ Մանկապարտեզի կողպված դուռն այդպես էլ չբացվեց, նորանշանակ տնօրեն Ռուզաննա Լադոյանը պատճառաբանեց՝ կորոնովիրուսով պայմանավորված անգամ ծնողների մուտքն է արգելված։ Ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ նման դեպք իրենց մանկապարտեզւոմ տեղի է ունեցել։ Ծնողի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, տան դուռն այդպես էլ փակ մնաց մեր առջև»:


