ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ այսօր ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում նախագահ Սերժ Սարգյսանն ուղղված հարցը տարատեսակ գնահատականների ու արձագանքների արժանացավ, որոնք, մեծ մասամբ քննադատական բնույթի են:
ASEKOSE.am-ի ը թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ.
«Ես կարծում եմ՝ Զարուհի Փոստանջյանը լիովին իրավունք ուներ ցանկացած հարց տալու հենց այդ ամբիոնից, որովհետև Հայաստանը ԵԽԽՎ անդամ է և կիսում է ԵԽԽՎ-ի պրտավորությունները: Հատկապես այդ բնույթի հարցերը մեր հասրակության մեջ բավական տարածված են: Հայաստանում հնարավոր չի լինում նմանատիպ հարցերն ուղղել հասցեատիրոջը: Այնպես որ ես որևէ խնդիր չեմ տեսնում դրանում»,- ասաց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը, թե հիմնականում հնչող գնահատականներում շեշտվում է այն, որ պատգամավորն իրավունք չուներ նման հարց բարձրացնել այդ ամբիոնից, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց.
«Ինչու՞ իրավունք չուներ: Այսինքն՝ ավելի լավ է, որ Հայաստանից արտագաղթը շարունակվի՞, երկիրը կործանվի՞, մսխվե՞ ն Հայաստանի միջոցները: Նման հարցերը էական չե՞ ն, էական այն է, որ չպիտի՞ բարձրաձայնվեր դրսում»:
Մեր դիտարկմանը, թե խոսքը խաղատանը վերաբերող հարցի մասին է, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց.
«Խաղատան մասին բարձրաձայնել էր նաև Վիկտոր Դալլաքյանը, ով այսօր նախագահի աշխատակազմում է աշխատում: Ընդ որում՝ բավական բաց տեքստով, տեսահոլովակն էլ մինչև հիմա կա: Այսինքն՝ որևէ մեկը չի հերքել, որ նման բան կա: Մանրամասները՝ գումարի ծավալի և ժամկետների հետ կապված, հետաքրքրում են հասարակությանը, և ես կարծում եմ, որ հենց հասարակության մտահգություններն է բարձրաձայնել Զարուհի Փոստանջյանը»:
Ինչ վերաբերվում է քննադատություններին, Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝
«Շատ հատկանշական է, որ այն քաղաքական գործիչները՝ այդ թվում և բարձրաստիճան հանրապետականներ, ովքեր քննադատում են Զարուհի Փոստանջյանին, ավելի շատ շեշտադրում են անում, թե որտեղ է հնչել հարցը, քան դժգոհ են բովանդակությունից: Այսինքն՝ այնպիսի տպավորություն է, որ իրենք համաձայն են բովանդակության հետ, ուղղակի ասում են՝ ինչու՞ է այդ հարցը հնչում ԵԽԽՎ-ում: Տեղեկացնեմ բոլորին, որ ԵԽԽՎ-ն Հայաստանի թշնամին չէ: ԵԽԽՎ-ն թշնամական ճամբար չէ: Հակառակը՝ դա այն տեղն է որտեղ Հայաստանը կամովին ընդգրկվել է՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների չափանիշներն ապահովելու համար: Այնպես որ, տեղի ընտրության հարցը, ես կարծում եմ, որևէ խնդիր չպետք է առաջացնի»:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան