ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում տպագրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի սկանդալային նամակի մասին իր վերլուծական հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև.
Ինչպես Հայաստանում շատերը հավատում են, որ Ռուսաստանը կբռնի ու Ղարաբաղը կտա Ադրբեջանին, Զորի Բալայանի նամակը նրա համար է, որ Ադրբեջանում էլ շատերը սկսեն հավատալ, որ Ռուսաստանը կբռնի եւ Ղարաբաղին կշնորհի Ադրբեջանից դուրս մի կարգավիճակ։ «Ես խորապես համոզված եմ, որ ստեղծված բարդ իրադրության պայմաններում սթափության թելերից հյուսված տրամաբանությունը համառորեն պարտադրում է Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ եւ Մինսկի խմբի Ձեր գործընկերներին, բառիս ուղղակի եւ բուն իմաստով, անել միակ՝ իրոք իմաստուն քայլը։ Վերցնել ու այցելել Ղարաբաղ, այցելել ազատագրված շրջաններ, ձեռքերով դիպչել Ամարաս եզակի տաճարին, որտեղ քսանական թվականներին որպես երեց քահանա էր ծառայում իմ նախապապ Հովհաննեսը, որը ինչպես եւ իմ հայրը, դարձավ ստալինիզմի զոհ»,- գրում է Բալայանը երկարաշունչ նամակի մի այլ հատվածում։ Իսկ սա արդեն խուճապ է, նույնպիսի խուճապ, որի ֆոնին հնչեց Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ Այդ խուճապը, անշուշտ, կհասնի Ադրբեջան։ Հայաստանը, սակայն, դրանից ոչ մի օգուտ չի ստանա։ Օգուտ կստանա Ռուսաստանը, որը հիմա պիտի փաստարկներ գտնի Ադրբեջանին Մաքսային միություն մտցնելու համար։ Հենց այդ փաստարկներն են շարադրված Զորի Բալայանի նամակում. այն տարածքները, որի վրա հիմա գտնվում է Ադրբեջանը, ռուսական են։
Ավելի ճիշտ՝ հայկական են, բայց Գյուլիստանի պայմանագրով դարձել են ռուսական, ու մենք՝ հայերս, փաստորեն, դեմ չենք, որ մեր տարածքներին Ռուսաստանը տիրություն անի։ Ավելին՝ Զորի Բալայանի նամակում մենք դա համարում ենք հայ-ռուսական ընդհանուր տարածք։ Եթե այս տեսակետից ենք նայում, դա ոչ թե Զորի Բալայանի բաց նամակն է Վլադիմիր Պուտինին, այլ Ռուսական ֆորպոստի ուղերձն Ադրբեջանին։ Էդ ինչպե՞ս է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կարող է խոսել Ադրբեջանին «Սմերչ» վաճառելով, Ադրբեջանի հետ չի կարող խոսել Բաքվի գրավումը քաղաքական կրեդո ունեցող եւ Բաքվում որպես թշնամի հայի հավաքական կերպար ընկալվող Զորի Բալայանի միջոցով։ Պուտինը «Սմերչ» վաճառեց Ադրբեջանին եւ Հայաստանը գրավեց Մաքսային միություն. հիմա գուցե Երեւանում տեղի ունեցող իրադարձություններ է հարուցելու՝ Բաքվին Մաքսային միություն մտցնելու համար։ Զորի Բալայանի նամակը Ադրբեջանին վաճառված ռուսական «Սմերչի» համարժեքն է. ռուսական հայկական «Սմերչ»։ Նախիջեւանից ադրբեջանցիները կարող են Երեւանին հարվածներ հասցնել ռուսական «Սմերչով»։ Ինչու՞ հայերը Ռուսաստանի հավանությամբ չեն կարող գրավել Բաքուն… Եթե հայրենասիրական բլոկբաստերի սցենար, ենք գրում, հետաքրքիր է, իհարկե։
Իսկ եթե աշխարհաքաղաքական շահերին ենք նայում՝ հասկանում ենք իրողություններ: Իրողություններից առաջինը նշեցինք՝ ԼՂ հակամարտության որեւէ լուծում ձեռնտու չէ Ռուսաստանին եւ տարածաշրջանից նրա հեռացման սկիզբն է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանից Հայաստան կամ հակառակ ուղղությամբ ահաբեկող ռազմական գործողությունների, պատերազմի մեկնարկին՝ դա Ռուսաստանին ձեռնտու չէ ոչ միայն այն պատճառով, որ կարող է խախտել ստատուս քվոն, այլեւ երկարատեւ ռազմական գործողությունների մեկնարկը Ղարաբաղում նշանակում է զենքի անվերահսկելի շրջանառություն տարածաշրջանում, դա էլ իր հերթին նշանակում է անկայունության պայթյուն Հյուսիսային Կովկասում. Դաղստան, Չեչնիա, որտեղ առանց այն էլ վիճակը վիճակ չէ։ Կա, իհարկե, կարճատեւ կառավարելի պատերազմի տեսական հնարավորությունը, ինչպես դա եղավ Հարավային Օսիայում։ Բայց այնտեղ պատերազմի ուղղակի մասնակիցները Ռուսաստանն ու Վրաստանն էին, իսկ այստեղ լինելու են Ադրբեջանն ու Հայաստանը։ Էստեղ բլիցկրիգի տարբերակ չկա, մանավանդ Իրանի եւ Թուրքիայի քթի տակ։ Այնպես որ, Հայաստանն առնվազն կարճաժամկետ իմաստով սխալ սպառնալիքի տակ է մնացել Մաքսային Միությանը անդամակցելով։