«Էս օրով հեծանիվ քշելը, թեթև կյանքով ապրելը, չհիշելը, արդեն ցինիզմ է։ Ցինիզմն իրենց հոգում է նստած»,- Արցախի անկման ու հայաթափման 3-րդ տարելիցին, լրագրողների հետ զրույցում, ասել է ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Նշենք․ որ առավոտյան Նիկոլ Փաշինյանը տեսանյութեր է տարածել իր էջում, որտեղ նա հեծանիվ է վարում, ապա կոչ անում չմոռանալ ՀԴՄ-ն վերցնելու մասին։
Դիտեք նաև՝
Կարդացեք նաև՝
«Չեմ էլ ուզում լսել․․․ Առավոտյան կարդացի այդ լուրը։ Գրառում արեցի՝ ամոթ նրանց, ովքեր տվել են այդ հուշամեդալը, կոչումը, չգիտեմ՝ ինչը։ Դագաղների, դիակների վրա խաղաղության մասին խոսել և մեդա՞լ տալ, ամոթ և՛ տվողներին, և՛ ստացողներին»,- «Եռաբլուր»-ում, լրագրողների հետ զրույցում, ասել է Արցախի «Մայրություն» ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա մրցանակին ու նրա հայտարարությանը։
***
ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «2023 թվականի այս օրը՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ։
Միայնակ մնացած Արցախը հայաթափվեց։
Արցախի օկուպացիան մեր ժողովրդի ազգային ողբերգություններից է, որի հետևանքները կրում ենք այսօր և կրելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերականգնվել արցախցի մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքները։
Հայրենահանձնումը տեղի ունեցավ ՀՀ իշխանության հանցավոր լռության պայմաններում։
Եվ այսօր՝ Արցախի հայաթափման տարելիցին, երբ Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, իշխանության ղեկավարը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ։
Սա՛ է սրանց իրական վերաբերմունքը ոչ միայն Արցախի, այլև մեր հայրենակիցների վշտի նկատմամբ։
Բայց գիտակից, արժանապատիվ հայի համար չկա գեթ մեկ օր, որ չհիշի Արցախի կորուստը։
Արցախի էջը փակված չէ։
Արցախցիների վերադարձի իրավունքը, նրանց անվտանգ և արժանապատիվ կյանքի ապահովումը պետք է լինի Հայաստանի ազգային իշխանության քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
Խոնարհումս հայրենիքի համար ընկած մեր բոլոր հերոսների, անմեղ զոհերի հիշատակին»։
***
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին տարիներին ամեն բան արվել և արվում է, որպեսզի վերջնականապես փակվի Արցախի դռներն ու արցախյան հարցը: Այն փակելու փորձեր արվել են նաև պատմության տարբեր փուլերում: Սակայն դա քրիստոնեական Արցախն է, արևելահայության հին բնօրրաններից մեկը, որը հարություն առնելու և բացվելու հատկություն ունի:
Երեք տարի առաջ, այս օրերին, երկարատև շրջափակումից ու հյուծումից հետո, թուրքական աշխարհի առջև միայնակ մնացած Արցախի դեմ, Ադրբեջանն իրականացրեց ռազմական ահաբեկչական ակտ: Չնայած ռուս խաղաղապահների նոմինալ (ֆորմալ) ներկայության՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան արագորեն վերածվեց ամբողջ բնակչության ցեղասպանական վտանգի: Ակնհայտ էր, որ շուրջ 100 հազար խաղաղ բնակիչներ կամ պետք է սպանվեին կամ բռնի կերպով տեղահանվեին:
Հայաստանի ու մնացյալ աշխարհի քաղաքական ղեկավարությունը, դարի ողբերգություն հիշեցնող այս աղետին հետևում էին «հեռադիտակով»՝ թատերասեր հանդիսատեսի ջանասիրությամբ: Արտաքին աջակցությամբ իրականացված թավշյա իշխանափոխության գլխավոր նպատակներից մեկը, կարծես թե իրականանում էր հենց այդ օրերին՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից 29-ը ընկած ժամանակահատվածում:
Պատահական չէին նաև 44-օրյա պատերազմից, Արցախի բնակչության բռնի տեղահանություններից ու էթնիկ զտումներից հետո, միջազգային (այդ թվում Եվրոպական) տարբեր լիդերների՝ Ադրբեջանին ուղղված շնորհավորական ուղղերձները: Այն դեպքում, երբ միջազգային իրավունքի տեսանկյունից՝ բռնի տեղահանումը համարվում է մարդկության դեմ իրագործված հանցագործություն:
Ինչպես միշտ, աշխարհի քաղաքական շրջանակները թքած ունեն հայ ժողովրդի կրած տանջանքների և ողբերգության վրա, քանի որ իրենք ունեն իրենց շահեր: Այն է՝ հանուն գազի, նավթի ու ՌԴ-ն շրջանցող կոմունիկացիաների՝ սիրաշահել Բաքվին, օգտվելով 2022թ Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Երևանի աննախադեպ «նվերից»:
Արևմուտք սիրողների և Ռուսաստան ատողների, ինչպես նաև Ռուսաստանին կուրորեն վստահողների «համատեղ ջանքերով», անգիտակից կերպով, անտեսվեց հայկական շահն ու Արցախը զոհաբերվեց բացառապես հանուն օտար շահերի:
Թուրք-ադրբեջանական կողմերը կարողացան վարպետորեն օգտվել 2018թ-ից Հայաստանի ներքին կյանքում, տարածաշրջանում և աշխարհում զուգահեռաբեր ստեղծված նպաստավոր իրավիճակներից և առավելագույն օգուտ քաղեցին Հայաստանի քաղաքական ղեկավարության, քաղաքական ուժերի, ինչպես նաև հավաքական հայ ժողովրդի տեսանելի ու անտեսանելի սխալներից:
Մենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, հետևություններ չանենք՝ մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը:
Իսկ, երբ մինչև վերջին դետալը հասկանանք մեզ հետ կատարված իրողությունները, դրանց պատճառահետևանքային կապերը, յուրաքանչյուրիս դերն ու նշանակությունը՝ վստահաբար կվերականգնենք Հայաստանի Հանրապետության ամուր դիրքերը: Չի բացառվում նաև, որ մենք որպես պետություն, կարողանանք օգտվել ապագայում ստեղծվելիք նպաստավոր իրավիճակներից, ու մի գեղեցիկ օր կրկին բացենք Արցախի դռները»։