▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Բ-ի վերաբերյալ գործով դատական առաջին նիստը․ Ինֆորմացիան թարմացվում է

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

️Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործով» դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց գործը քննելուց, դատարանի բակում տեղեկացրեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

Դատական նիստն անցկացվեց դռնփակ և սկսվելուց մոտ 20 րոպե անց ավարտվեց։

***

Փաստաբան Արա Զոհրաբյանը դատարանի բակում հայտնեց, որ սկզբնական փուլում քննարկվում է դատավորի բացարկի կամ ինքնաբացարկի հարցը։

«Դատավորը՝ Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց։ 

Այլ մանրամասներ չեմ ներկայացնի. կասեմ այն, ինչ հայտնի է։ Ըստ էության, դատավորը նաև հանդիսացել է փաստաբան, իմ անձնական կարծիքով, դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը, հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, ինքնաբացարկ հայտնեց։

Դատավորի քայլը ողջունում եմ այն տեսանկյունից, որ ըստ էության, նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացին»,-ասաց Զոհրաբյանը։

***

«Վերջին տարիների բոլոր քաղաքական դատավճիռները վկայում են, որ իշխանություններին ծառայող դատավորների պակաս չկա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ թեև Կաթողիկոսի դեմ գործով դատավորը ինքնաբացարկ է հայտարարել, գործը պետք է մակագրվի մեկ այլ դատավորի, և հարցին, թե արդյոք կգտնվի՞ դատավոր, որը կստանձնի այդ գործի վարույթը։

«Այս դեպքը յուրահատուկ է, և այդ արտառոցությունը բոլորովին ուրիշ խորհուրդ է հաղորդում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ այս քրեական վարույթի հարուցումը անդառնալի վնաս է տվել և կարող է բարոյական սպի դառնալ մեր ժողովրդի պատմության մեջ։

***

«Եթե մեր երկրում միայն ազգությամբ հայեր են դատավորները, լինելու են միայն ինքնաբացարկներ: Ես այդպես եմ հասկանում»,-Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասել է դերասանուհի Անաիս Սարդարյանը՝ անդրադառնալով Վեհափառի գործով դատավորի ինքնաբացարկ հայտնելուն: Նա նաև ընդգծել է, թե «ո՞նց կարող ես կանգնել՝ քո եկեղեցին դատելու, իսկ եկեղեու առաջնորդը օծյալն է, այդ պահին եկեղեցին առաջնորդողը»:

***

«Ես կարծում եմ, որ սա ինչ-որ չափով հետևանքներ կունենա»,- դեպի Մայր Տաճար շարժվող երթիի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Վեհապառի գործով դատավորի ինքնաբացարկ հայտնելուն: «Իշխանությունները սա հենց այնպես չեն թողնի, որովհետև իրենք կոնկրետ ունեն իրենց ծրագիրն ու նպատակը, ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը՝ այն դատավորները, որոնք իր քիմքին հաճո որոշումներ չեն կայացնում, այդ մարդիկ պիտի պատժի արժանանան»,- ընդգծել է Դանիելյանն ու ավելացրել. «Իրենք կարծում են, թե ցանկացած գործ, որ գնում է դատարան, պետք է նպայման լուծվի ի օգուտ և ի շահ իրենց: Այս առումով կարծում եմ, որ սա ինչ-որ առումով դեռ քննության առարկա կդառնա իրենց շրջանակներում»:

***

Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսի «գործով» դատալսման այս փուլը կանցկացվի դռնփակ

Նման որոշում կայացրեց դատավոր Հակոբ Մանուկյանը, քանի որ, ըստ նրա, կան մասնավոր կյանքին վերաբերող հանգամանքներ։

***

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում մեկնարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։

Հիշեցնենք, որ գործը վերաբերում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին կարգալույծ հռչակելու հետ կապված դատական ակտի կատարմանը ենթադրյալ խոչընդոտելուն։

***

«Հայ ժողովուրդն է ընտրում հայոց հայրապետին, հեռացնելու ընթացակարգ չկա։ Աշխարհիկ մարդը չի կարող հեռացնել։ Եկեղեցին առանձին է, պետությունն առանձին»,- դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց «Ուժեղ Հայաստան»-ից Նարեկ Կարապետյանը։ «Երբ որ դու վարչապետ ես, չի նշանակում՝ ինչ ուզենաս, կարաս անես»,- հավելեց նա։

***

Լրագրողի հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունեք այս դատարանից, ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «Հույս ունեմ, որ բանականությունը և պատասխանատվությունը պետության, ազգի ու եկեղեցու հանդեպ, կգերիշխեն քաղաքական պատվերին»։

Եկեղեցին է մնացել այն կառույցը, որ պահպանում է հայությունը և հայկական արժեքները։ Դուք տեսել եք, թե իրար հաջորդականությամբ ինչքան են ոտնահարվում կառույցները և ամեն տեղ ուզում են իրենց ձեռքը դնել՝ իրենց նպատակներին հասնելու համար,լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Սարկավագը։

«Ինչքան էլ հորինվածքներ դնեն, թե ինչ-որ բարենորոգումներ են ուզում անել, բացառվում է բարենորոգումը, երբ իշխանության են գալիս մի քանի տարով, բայց փորձում են 1700 տարվա եկեղեցական պատմության մեջ թվացյալ բարեփոխումներ իրականացնել»,-ասաց Հրայր Սարկավագը։

***

«Վեհափառ Հայրապետը մեղադրվում է իր կանոնական լիազորությունը իրականացնելու համար և սա, բնականաբար, ակնհայտ անօրինական և քաղաքական գործընթաց է նրա նկատմամբ»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։

***

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։

Քաղաքական-հասարակական մի շարք գործիչներ, հավատացյալ հանրությունը հավաքվել է դատարանի բակում՝ հաջակցություն Կաթողիկոսի։

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էջմիածնում այսօր 16։00 կկայանա Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների դատավարությունը։ Ազգային ամոթի և խայտառակության օր։ 15:00 է, մեքենաների խցանումը Արգավանդից մինչև Մայր Աթոռ է։ ՀԱՅԵՐԸ գնում են սատարելու իրենց Հայրապետին»։

Հասարակություն ավելին