Փաշինյանն աջակցում և ողջունում է ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ՔՊ–ի պահվածքը
«Դատապարտում եմ բռնությունը, սակայն աջակցում եմ ՔՊ–ի` այսօր ձեռնարկած միջոցառումներին։ Եթե ինչ–որ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ նա պետք է լկտիանա»,– հայտարարեց նա` սլաքներն ուղղելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմ։
Նա տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը դրեց ընդդիմության վրա։
***
|
Այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի ընդդիմությունը, չափանիշներ, կանոնակագ կա՞ հաստատված, նշեց․ «Այո, շատ հստակ՝ ընտրակաշառք պետք է չբաժանեն։ Ձեռներն ու ոտերը ջարդելու ենք ընտրակաշառք բաժանողների, պա՞րզ եմ արտահայտվում՝ բառիս քաղաքական իմաստով»։ *** |
Փաշինյանը բացահայտ հայտարարեց` հնարավորություն ունի սահմանադրական հանրաքվեի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնելու, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։
Նոր Սահմանադրությունը պետության հարատևության տեսլականի վրա է հիմնված ու մենք գնալու ենք այդ ճանապարհով, պնդեց նա։
«Ես չեմ տեսնում այլընտրանք, քան խաղաղությունն ինստիտուցիոնալ դարձնելը։ Դա թիվ 1, 2, 3 առաքելությունն է, որ ես ՀՀ վարչապետի պաշտոնում պետք է կատարեմ։ Հետևողական ու աննահանջ ես գնալու եմ այդ ճանապարհով։ Մենք պետք է անենք մի առաջարկ, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել։ Երբ գա այն պահը, երբ ընդդիմությունը, իշխանությունը, հանրությունը հարց հնչեցնի` արդյոք երաշխավորում եմ խաղաղություն, ապա ՍԴ–ին դեմ քվեարկելը կնշանակի դեմ քվեարկել խաղաղությանը։ Այսինքն` կստացվի կողմ քվեարկել պատերազմին»,–ճեպազրույցին հայտարարեց նա։
Համոզված է, թե ՀՀ ժողովուրդը պաշտպանելու է իր այդ գաղափարն ու գաղափարախոսությունը։
***
Փաշինյանը պաշտոնից չի ազատի Շիրակի մարզպետին, որը ՌԴ–ի և ռուս ազգի հասցեին անթույլատրելի գրառում էր արել
«Դա մի իրավիճակ է, որ պետք է պարզվի ու պարզաբանվի։ Ինչի՞ են էլի այդքան «Կիկոսի մահը» սիրում, չեմ կարողանում հասկանալ` բա որ այսպես կամ այնպես լինի։ Դեռևս քաջարի զինվոր Շվեյկն է պատասխանել այդ ժանրի հարցերին, ես այլ պատասխան չունեմ»,– հայտարարեց նա։
Վարչապետը խոստովանեց, որ շատ մանրամասն տեղյակ չէ, թե մասնավորապես, ինչ է գրել մարզպետը, սակայն կարծում է, որ մաքսիմալ զգույշ պետք է լինել նման հարցերում։


