▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՖՖ կանոնադրությունը հարմարեցվո՞ւմ է նոր նախագաhին, թե՞ նախընտրական աղմուկ է․․․ Ի՞նչ կապ ունի Ջորկաեֆը

ՍպուտնիկԱրմենիան գրում է․«ՈւԵՖԱ–ի անդամ ֆուտբոլային ֆեդերացիաների կամ ասոցիացիաները նախագահներն իրենց երկրի քաղաքացի են ու խոսում են մայրենի կամ երկրում ընդունված պետական լեզվով։ Հայաստանն ուզում է լինել առաջին բացառությունը։

Դեկտեմբերի կեսերին կայանալու են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրությունները։ Թե ո՞վ է լինելու նոր նախագահը, առայժմ հնարավոր չէ անգամ գուշակել, որովհետև առաջադրված թեկնածուներ չկան, բայց լրատվամիջոցները պնդում են, որ նոր նախագահի թեկնածուն լինելու է Դենիս Ջորկաեֆը։

Ո՞վ է Դենիս Ջորկաեֆը

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հանրահայտ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրը` Դենիս Ջորկաեֆը, ֆրանսահայ հասարակական-քաղաքական գործիչ է։ Նա 2014թ–ից ֆրանսիական Դեսին (Դեսին-Շարպիո) քաղաքի փոխքաղաքապետն է, ինչպես նաև 2021–ին նշանակվել է Նանտ քաղաքում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս։ 2020–ից մինչև օրս Դենիս Ջորկաեֆը ՀՖՖ նախագահի խորհրդականն է` միջազգային հարցերով։

Ի՞նչ կապ ունի Ջորկաեֆը ՀՖՖ կանոնադրության փոփոխությունների հետ

ՀՖՖ-ի առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածուներին ներկայացվող պահանջներին։ Գործող կանոնադրությամբ՝ թեկնածուն պետք է վերջին մեկ տարում մշտապես բնակված լինի Հայաստանում և տիրապետի հայերենին։ Նախագծով առաջարկվում էր վերացնել այս երկու պահանջները՝ պահպանելով ՀՀ քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։

Նոյեմբերի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր գրասենյակում կայացած ՀՖՖ արտահերթ ժողովը, քննարկելով օրակարգային վերը նշած հարցերը, որոշեց վերացնել արգելքները, ու հիմա արդեն պարտադիր չէ, որ ապագա նախագահը վերջին մեկ տարում Հայաստանում բնակված լինի կամ էլ հայերեն հասկանա ու խոսի։

Ստացվում է, որ ՀՖՖ կանոնադրության կետերը փոխելը ինչ– որ նպատակ է հետապնդում։ Եվ շատերի կարծիքով դա արվել է, որպեսզի որպես նախագահի թեկնածու առաջադրվի Դենիս Ջորկաեֆը։

Ի դեպ, ՈւԵՖԱ–ի անդամ ֆուտբոլային ֆեդերացիաների կամ ասոցիացիաների (դրանք 55-ն են) նախագահներն իրենց երկրի քաղաքացի են ու խոսում են մայրենի կամ երկրում ընդունված պետական լեզվով։ Հայաստանը ուզում է լինել առաջին բացառությունը։

Համընդհանուր դժգոհություն

ՀՖՖ ժողովի օրակարգի հարցերին դեմ արտահայտվեցին շատ–շատերը, բացառությամբ այն ակումբների, որոնց նախաձեռնությամբ, ըստ ՀՖՖ–ի, հրավիրվել էր ժողովը։ Ֆուտբոլային ակումբներ «Ուրարտուն» ու «Շիրակը» ընդհանրապես չեն մասնակցել ժողովին, «Արարատ–Արմենիան»` դեմ է քվեարկել։ Ժողովին մասնակցած ՀՖՖ հասարակական կազմակերպության 31 անդամներից 29–ը կողմ են քվեարկել։ Հարց է առաջանում`ինչո՞ւ է բողոքում ֆուտբոլային հասարակությունը, ֆան-շարժումները։ Պատասխանը շատ պարզ է` ինչպե՞ս կարող է ՀՖՖ–ի նախագահ նշանակվել արտասահմանում բնակվող ու հայերենին չտիրապետող անձը։

Վարչապետի կարծիքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք հայերենին չտիրապետող անձը ղեկավարել հայկական ֆուտբոլ, նշեց` իր կարծիքով ոչ։ Հայաստանի քաղաքական ղեկավարը իր կարծիքն արտահայտեց, ու դժվար է պատկերացնել, որ այդ կարծիքի հետ հաշվի չեն նստի այն մարդիկ, ովքեր կազմակերպել են ՀՖՖ արտահերթ ժողովն ու փոփոխություններ մտցրել կանոնադրության մեջ։ Պարզ է, որ քաղաքական գործիչն օրենքով իրավունք չունի միջամտել ՀՖՖ աշխատանքներին, բայց վարչապետի կարծիքը պետք է որ սթափեցնի հենց ՀՖՖ–ին, որը «թատրոն» է սարքել ու ներկայացումն էլ անվանել այնպես, ինչպես իրեն ձեռնտու է։ ՀՖՖ անդամ ֆուտբոլային ակումբները, կամ ֆուտբոլային գործունեություն ծավալող հասարակական այլ կազմակերպությունները իհարկե կախում ունեն ՀՖՖ–ից և՛ ֆինանսական, և՛ այլ առումով։ Եվ հասկանալի է, որ «ռեժիսորի» հրահանգը տեսնելով` «թատերախումբը» ստիպված է եղել խաղալ այն, ինչ պետք է։ ՀՖՖ–ն էլ ասում է, որ ինքը ոչ մի կապ չունի նախաձեռնության հետ։ Շատ հեշտ ու չեզոք վարքագիծ է։

Մելիքբեկյանը կարո՞ղ է փոշմանել

Լավ, ընդունենք, որ վարչապետի կարծիքն իր ազդեցությունը կունենա, ու Դենիս Ջորկաեֆը նախագահի թեկնածու պաշտոնապես չի առաջադրվի, այդ դեպքում` ո՞վ է լինելու ՀՖՖ ապագա նախագահը։ Գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը ժամանակին հայտարարել է, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում. գուցե այս դեպքում նա կարող է փոխել իր որոշումը։ Բացի այդ, համացանցում շատ վաղուց պտտվում էր Ռուբեն Նազարեթյանի անունը, որը Հայաստանի ֆուտզալի հավաքականի նախկին գլխավոր մարզիչն է, ու հիմա էլ Արսեն Բալաբեկյանի մասին են խոսում։

Այս իրավիճակում ֆուտբոլի երկրպագուների FAF շարժումն էլ իր թեկնածուին է առաջադրել` ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանին։ Մի խոսքով` «թատրոնի աշնանային հյուրախաղերը» կշարունակվեն, մինչև իմանանք, թե ո՞վ կարող է ղեկավարել հայկական ֆուտբոլը։

Հ. Գ.

ՀՖՖ կանոնադրության մեջ նման փոփոխություններ մտցնելը, մեղմ ասած, խայտառակություն է, ու հիմա արդեն էական էլ չէ, թե ով է կողմ քվեարկել ։ Ուղղակի մենք շարունակում ենք ունենալ խայտառակ ֆուտբոլային կառավարումով ֆեդերացիա, որի համար անձնական շահերը վեր են ամեն ինչից, ու միշտ հետապնդում է քողարկված նպատակներ, երբ կայացնում է այս կամ այն որոշումը»։

Սպորտ more