▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներողությունը միայն համե՞րգի համար է․․․

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀԱՄԵ՞ՐԳԻ ՀԱՄԱՐ Է․
Սեպտեմբերի 27-ի համերգը պարզապես կարծիքների մակարդակում չմնաց. Հ1-ն այսօր պաշտոնապես ընդունեց, որ դրա հեռարձակումը «սխալ էր», ամբողջությամբ ստանձնեց պատասխանատվությունը և հայտարարեց ընթացակարգերի վերանայման մասին։
Ավելին՝ նույնիսկ Թաթա Սիմոնյանն է իր համերգի հեռարձակումը պատերազմի տարելիցի օրը անվանել «արդարացում չունեցող կոպիտ սխալ» և նշել, որ նյութը հեռարձակվել է առանց իր հետ համաձայնեցնելու։
Բայց Հանրայինի խնդիրը միայն սխալ օրը սխալ համերգ դնե՞լն է, թե՞ գործ ունենք ավելի խոր արժեքային խնդրի և հանրային հիշողության հետևողական թմրեցման հետ։
Ավելի շատ հարցեր են առաջանում, որոնց Հ1-ը պարտավոր է հստակ պատասխանել․
1․ Ի՞նչ է նշանակում՝ «ամբողջությամբ ընդունում ենք պատասխանատվությունը»։ Պատասխանատվությունը հայտարարություն չէ։ Ո՞վ է որոշել սեպտեմբերի 27-ին այդ համերգը հեռարձակել։ Ո՞վ է հաստատել եթերացանցը։ Ո՞վ է պատասխանատու եղել վերջնական որոշման համար։ Եվ ի՞նչ պատասխանատվություն է նա կրել։ Եթե ոչ ոք որևէ հետևանք չի կրում, ապա ո՞րն է «ամբողջությամբ ընդունված պատասխանատվությունը»։
2․ Իսկ նույն օրը հակաեկեղեցական «զեկույցի» այսպես կոչված քննարկման համար Հովհաննավանքը բռնազավթած ու պղծած կարգալույծ սրբապիղծ Ստեփան Ասատրյանին եթեր կանչելու համար ո՞վ է ազգից խնդրելու ներողություն:
3․ Իսկ այլ կարգալույծներին, խոտորյալներին հարած եկեղեցադավներին ու տիրադավներին, Եկեղեցու դեմ հանդես եկող նախկին կղերականներին և հակաեկեղեցական թեզեր սպասարկող անձանց Հանրայինի եթեր տրամադրելու, նրանց խոսքը բազմապատկելու, այդ թեզերը որպես հեղինակավոր տեսակետ հանրայնացնելու և դրանով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող պայքարին Հանրայինի եթերի ուժ տալու համար ո՞վ է պատասխան տալու։
4․ Ո՞վ է որոշել, որ ամբողջ ժողովրդի միջոցներով գործող Հ1-ը կարող է Մայր Եկեղեցու դեմ պայքարի հարթակ դառնալ։
5․ Իսկ Հանրայինի եթերը գռեհկաբանությամբ, քրեական ենթամշակույթի լեզվով ու բարքերով, անբարոյականությունն ու պղծությունը սովորականացնող բովանդակությամբ լցնելու համար ո՞վ է պատասխան տալու։
6․ Ո՞վ է որոշել, որ հանրային միջոցներով կարելի է տարիներ շարունակ ոչ թե կրթել ու բարձրացնել հանրային ճաշակը, այլ մարդկանց տները մտցնել այնպիսի լեզու, վարք ու «արժեքներ», որոնցից ծնողն իր երեխային փորձում է պաշտպանել։
7․ Իսկ անպատկառ լեքսիկոնով, քրեական ենթամշակույթ գովազդող, պղծություններ քարոզող ապազգային սերիալներով և դրանցով մարդկանց, հատկապես մատաղ ու երիտասարդ սերնդի միտքն ու հոգին ապականելու համար ո՞վ է պատասխան տալու ու ներողություն խնդրելու:
8․ Իսկ սեպտեմբերի 27-ին՝ հազարավոր հայորդիների նահատակության տարելիցին, Հանրայինի եթերը նրանց հիշատակին, կյանքին ու սխրանքին, պատերազմի ազգային ու հոգևոր դասերին նվիրելու փոխարեն ժամանցով լցնելու համար ո՞վ է պատասխան տալու ու ներողություն խնդրելու։ Մի՞թե այդ օրը Հանրայինի առաջնահերթությունը չպետք է լինեին մեր նահատակները, նրանց ընտանիքները, հայրենասիրական ու հոգևոր բովանդակությունը և պատերազմի չսերտած դասերը։
9․ Ո՞վ է պատասխան տալու այն խմբագրական քաղաքականության համար, որի հետևանքով ամբողջ հանրությանը պատկանող և հանրային միջոցներով գործող եթերը տարիներ շարունակ ոչ թե ծառայում է մեր ժողովրդի հոգևոր ու ազգային արժեքների պահպանմանն ու զորացմանը, այլ նպաստում դրանց արժեզրկմանը։ Ներողությունը մեկ օրվա սխալի համար անհրաժեշտ է, բայց բավարար չէ, եթե չի վերանայվում այն արժեքային ու խմբագրական քաղաքականությունը, որը նման սխալներ է ծնում։
Այսպիսով․ Խնդիրը մեկ համերգը չէ։ Խնդիրն այն արժեքային չափանիշն է, որով որոշվում է՝ ինչ մտցնել հայ ընտանիքի տուն, ում դարձնել հեղինակավոր խոսող, ում գաղափարները բազմապատկել, ինչ սովորեցնել երիտասարդին, ինչ հիշեցնել ժողովրդին և ինչ մոռացության մատնել։
Հ1-ը մասնավոր հեռուստաընկերություն չէ։ Այն կոչվում է ՀԱՆՐԱՅԻՆ։ Հետևաբար ոչ մի ղեկավար, տնօրեն, խմբագիր կամ հաղորդավար իրավունք չունի ամբողջ ժողովրդի միջոցներով պահվող եթերին վերաբերվելու որպես սեփական գաղափարական կամ արժեքային տարածքի։
Եվ վերջապես՝ Հանրայինը պատրաստվո՞ւմ է միայն ներողություն խնդրել, թե՞ նաև փոխել այն արժեքային քաղաքականությունը, որի հետևանքով նման եթերներն ընդհանրապես հնարավոր են դառնում։ Որովհետև եթե ներողությունից հետո նույն եթերով շարունակվում են նույն հակարժեքների տարածումը, Եկեղեցու դեմ նույն միակողմանի քարոզչությունը և ազգային ու հոգևոր բովանդակության ստորադասումը, ապա ներողությունը մնում է ընդամենը հայտարարություն։
Նահատակների հիշատակի անարգումը մեկ օրվա սխալ կարող է լինել։ Բայց եթե դրան գումարվում են Եկեղեցու դեմ ուղղված միակողմանի եթերը, հոգևոր ու ազգային արժեքների հետևողական արժեզրկումը, հոգևորից զուրկ սպառողական ու նյութապաշտ մարդու կերպարի ձևավորումը, արժեքային ցածրորակ բովանդակությունը և ազգային ու հոգևոր թեմաների ստորադասումը, ապա արդեն խոսքը մեկ սխալի մասին չէ։ Խոսքը Հանրայինի առաքելության աղավաղման մասին է։
Հ.Գ. Հանրային լինելը միայն անվանում չէ․ դա պատասխանատվություն է ժողովրդի հիշողության, հավատքի, արժեքների և հոգևոր-մշակութային ժառանգության հանդեպ։ Եթե այդ պատասխանատվությունը ոտնահարվում է, մեկ ներողությունը դեռ պատասխանատվություն չէ»։

Հասարակություն more