▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2018 թ․ հետո Հայաստանը ներգրավված չի եղել զենքի անօրինական առևտրի որևէ գործարքում․ Պն փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Միքայել Մինասյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանը ներգրավված է զենքի անօրինական վաճառքի մեջ։

Նա նշել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո որևէ նման գործարք տեղի չի ունեցել, որին կարող էր մասնակցել ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՊՆ-ի:

«Ես շատ ցավում եմ, որ դա դարձել է քննարկման առարկա: Առիթից օգտվելով ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ 2018 թվականից ի վեր, երբ ներկայիս կառավարությունը ձևավորվել է՝ վարչապետի գլխավորությամբ, որևիցե երկրի հետ Հայաստանի կառավարության մասնակցությամբ, այդ թվում՝ ի դեմս Պն-ի, որևիցե նմանատիպ գործարք տեղի չի ունեցել։ Խնդրում եմ հաշվի առնել, որ գոյություն ունի Լիցենզավորման մասին օրենք, այդ օրենքի 12,1 հոդվածը սահմանում է ռազմական արտադրանքի ներմուծման, արտահանման, արտադրության, տարանցիկ փոխադրման հետ կապված փոխհարաբերությունները։ Այդ Լիցենզավորման մասին օրենքում փոփոխությունը տեղի է ունեցել այն պարագայում, երբ Հայաստանի վարկանիշն իջնում էր միջազգային գործընկերների մոտ՝ կապված հենց զենքի որոշակի առևտրի հետ։ Ներկայիս պաշտպանության նախարարի անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ է դա տեղի ունեցել»,- ասել է Գաբրիել Բալայանը։

Ըստ Բալայանի՝ այնուհետև ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը, որը խիստ կանոնակարգել է այդ բոլոր դեպքերը։

«Ցանկն էլ է հաստատել այդ ամբողջ սպառազինության։ Ընդհանրապես դրա մասին խոսելուց առաջ ցանկացած մարդ պետք է մի հատ կարդա այդ իրավակարգավորումները։ Դրանից հետո ակնհայտ կդառնա, որ նման հայտարարություններ անելը կամ նման գործարքների գնալը ոչ միայն անհիմն է, անբովանդակ խոսակցությունների շարան է, այլև հնարավոր չէ պարզապես իրականացնել։ Այդ իրավակարգավորոմներով մենք փաստացի իրականացրել ենք մեր միջազգային պարտավորությունները։ Այնպես որ, դա համարում եմ որպես անորակ քաղաքական շահարկումների հերթական շարան։ Բացառվում է, ես նորից եմ հայտարարում կատեգորիկ՝ դատարկ խոսակցություններ են»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին