Գյումրիի բնակիչ 28-ամյա տղամարդը խոստովանել է, որ երեկ ինքն է ծեծի ենթարկել 43-ամյա կնոջը եւ նրա անչափահաս դստերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.
«2020 թվականի մարտի 5-ին`ժամը 14:50-ին, ապա՝ 15:15-ին, «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ՓԲ ընկերությունից Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկում մահացել է նույն տան 42-ամյա բնակչուհին, իսկ նրա 12-ամյա դուստրը՝ «տրավմատիկ շոկ, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է բուժօգնության: Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած իրավապահները նշված տանը հայտանաբերել են նույն տան 42-ամյա բնակչուհու դին՝ բռնության հետքերով, ինչպես նաև՝ վերջինիս ծանոթ, Գյումրի քաղաքի 28-ամյա բնակչին:
Վերջինս առերևույթ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել և խոստովանել, որ ինքն է ծեծի ենթարկել 42-ամյա կնոջը և նրա անչափահաս դստերը: Նույն օրը հանցագործությունը կատարելու կասկածանքով նա ձերբակալվել է: Դեպքի առթիվ 2020 թվականի մարտի 5-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին (երկու կամ ավելի անձանց նկատմամբ) և 14-րդ (անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) կետերով: Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ 13-ամյա աղջիկը գտնվում է «Սուրբ Աստավածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: