ԱԻՆ պատասխանատուները շարունակում են «վերլուծել» նախարար Արմեն Երիցյանի 2 օր առաջ` ինքնասպանության փորձը կանխելու դեպքը, որը հիշեցնենք, շատերը թերհավատորեն ընդունեցին` համարելով անհաջող և շինծու PR ակցիա:
Երեկ, Արտակարգ Իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով պատասխանել է համացանցում տարածված տեսակետին` գրելով. «Արմեն Երիցյանը այն եզակի պաշտոնյաներից է, ովքեր շինծու PR-ի կարիք չունեն. նրա մասին իր գործերն են խոսում»:
ԱԻՆ մամուլի քարտուղար, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն էլ պատասխանելով Replik.am-ի թղթակցի հարցերին` ասել է.
«Բոլոր կասկածամիտներին խորհուրդ կտայի հետևեն, թե որ ժամին է պարոն Երիցյանը դուրս եկել Կառավարությունից և ուղղևորվել դեպի Դավթաշենում գտնվող ԱԻ նախարարություն, իսկ այդ ճանապարհը անցնում է Դավթաշենի կամրջով: Նախարարը Կառավարությունում է եղել, քանի որ այնտեղ քննակվում էին տեսչության բարեփախման խնդիրները: Իր մեքենայով նախարարություն գալու ճանապարհին պարոն Երիցյանը նկատում է, որ մի երկու մեքենա է կանգնած, և մի երիտասարդի, որի դեմքը փակած, կանգնած է կամրջի ճաղերից այն կողմ: Նա որպես տղամարդ, որպես նախարար, որպես համար մեկ փրկարար և որպես գեներալ, չէր կարող աննկատ անցնել և խուսափելով մարդուն օգնություն ցույց տալուց` չիջներ ավտոմեքենայից»:
Հարցին, թե ինչո՞ւ է այդ երիտասարդը դեմքը փակել, Նիկոլայ Գրիգորյանը պատասխանել է.
«Նա ունի ընտանիք, ունի երեխա, ունի կին, ով հղի է և շուտով պետք է ծննդաբերի: Նա մտածել է, որ կարող է իրեն նկարեն, կինը տեսնի…Նա չի ցանկացել կնոջը հուզմունք պատճառել: Իր մտածելակերպով` ինքը նման կերպ անվտանգության միջոցներ է ապահովել իր կնոջ համար: Երբ ես նրան հարցրեցի` «Իսկ եթե դու ընկնեիր, դու չէի՟ր մտածում քո կնոջ մասին, քո մոր մասին, քո երեխայի և քո չծնված երեխայի մասին», նա քանի որ բավականին հուզված վիճակում էր, ասաց, որ Երևան էր եկել պարտքով գումար վերցնելու, սակայն նրան չէին տվել և հոգեբանական անհավասարակշիռ վիճակում գտնվելու պատճառով դիմել էր այդ քայլին»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում