▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6 ամիս Հայաստանում, 6 ամիս` Կանադայում. մի հայրենադարձի պատմություն

90-ականների հայաստանյան մութուցուրտ տարիները կանադահայ Վազգեն Կալջյանի մոտ նույն հիշողությունները չեն արթնացնում, ինչ հայաստանցի հայերի մոտ: «Լռությունը, մթությունը շատ ռոմանտիկ էին, մոմի լույսով ճաշ էինք եփում»,– Noranor.ca-ի հետ զրույցում հիշում է 74-ամյա Կալջյանը, ով նորանկախ Հայաստանում ապրելու մտքից ոգևորված՝ 5 ընկերների հետ տեղափոխվել էր Հայաստան՝ Բեյրութի Հայկազյան համալսարանի ծրագրի շրջանակներում դասավանդելու:

 

Նրանց բախտ չվիճակվեց երկար մնալ հայրենիքում։ Մեկ տարի անց ծրագիրը փակվեց, ընկերները վերադարձան Տորոնտո: «Այն ատեն էր, որ սիրահարվեցի հայրենիքին»,– ասում է Կալջյանը, ում և մյուս սփյուռքահայերին խորհրդային իշխանությունից հետո այլևս ոչինչ չէր խանգարում ազատ շրջել այն վայրերում, որտեղ կամենային:

 

Նախկին սիրիահայ Վազգեն Կալջյանը Տորոնտոյում ավելի քան 30 տարիների մանկավարժական գործունեություն է ծավալել. գաղթականների բարձր դասարանների աշակերտներին անգլերենով պատմություն, աշխարհագրություն, երաժշտություն և այլ առարկաներ է դասավանդել՝ միաժամանակ ամուր կապ ունենալով հայկական ազգային բոլոր կառույցների հետ։ Կալջյանը եղել է նաև Կանադայի Անգլիական և Հայ ավետարանական եկեղեցիներում երգեհոնահար և երգչախմբի ղեկավար:

 

6-ԱՄՍՅԱ ԲԱԺԱՆՈՒՄ


30 տարիների մանկավարժական գործունեությունը թույլ տալիս էր ժամանակից շուտ թոշակի անցնել. Կալջյանը 2004 թվականին օգտվեց այդ հնարավորությունից: Պատճառը բոլորովին էլ իր համար հաճելի ուսուցչական աշխատանքից ձանձրանալը չէր, այլ հայրենիքում ապրելու մեծ ցանկությունը:

 

Հայաստան վերադառնալն ու այնտեղ հաստատվելը նրա մեծագույն ցանկությունն էր, բայց նաև չէր կարող վերջնականապես լքել իր համար եկամտի աղբյուր հանդիսացող Կանադան: Սա էր պատճառը, որ որոշեց տարվա 6 ամիսն ապրել Հայաստանում, մյուս 6 ամիսը՝ Հյուսիսային Ամերիկայում:

 

«Ես երբ որ կգնամ 6 ամիս, ավելի եկամուտ ունեմ, որ կկարողանամ բերել եւ որեւէ ձեւով օգտակար ըլլալ: Իրավունքներ ալ ունեմ, որ եթե 6 ամիս ավելի պիտի մնանք, ադ իրավունքները՝ հիվանդության, ապահովագրության հարցեր կան, որոնցից կզրկվենք, տարիքի հետ դրանց պետքությունը ավելի կզգանք»,–նշում է տորոնտոհայը:

 

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԽԱՆԴՈՒՄ ԵՆ


Այն օրերին, երբ նա վերադառնում է Տորոնտո, այցելում է դպրոց, որտեղ թաքնված է Կալջյանի հավերժ երիտասարդության գաղտնիքը: Հիմնական աշխատակից չէ, բայց որպես փոխարինող կարողանում է աշխատել՝ փոխարենը ստանալով երիտասարդների կենսական լիցքերը:

 

«Երիտասարդները շատ խանդում են իմ վիճակին, երբ որ կերթամ, հարցումներ կենեն: Ցանկանում են, բայց Հայաստանի վիճակը դեռեւս այդ չէ, որ իրենք կարողանան առանց իրենք ուժեղանալու՝ ուսումը վերջացնելու, մի բանի պիտանի դառնալու, որ գան օգնեն: Ճիշտ է, ոմանք կամուսնանան այնտեղ, պարագաները կփոխվին, բայց ես գիտեմ, որ ամառները երիտասարդները գուկան, եւ մեկ անգամ եկողը չի կարող անջատվիլ Հայաստանից»,– պատմում է մանկավարժը:

 

Հայաստանի կենսապայմանները նոր կյանք մտնող երիտասարդներին բավարար չեն  կայանալու և եկամտի մշտական աղբյուր ստեղծելու համար, կարծում է Կալջյանը, թեև Հայաստանում ապրելու ցանկությունը մեծ է: Այնպես չէ, որ սփյուռքահայերը միայն հասուն տարիքում են որոշում ապրել հայրենիքում, հանգամանքներն են ստիպում ձգձգել նման որոշման կայացումը, համոզված է նա:

 

ԲԻԶՆԵՍ-ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԵԿԱՄՏԻ


Ինքն էլ թեև ցանկություն ուներ, բայց ավելի վաղ չէր կարող վերադառնալ Հայաստան։ Եկավ այն ժամանակ, երբ հնարավորությունները թույլ տվեցին։ Թեպետ Հայաստանում վաստակ ապահովելու ակնկալիքներ չունի, բայց սկսել է գործարարությամբ զբաղվել:

 

«Զեյթունի հանրակացարաններին մոտ մի հատ ճաշարան-ռեստորան եմ բացել, ուր թե՛ հայաստանյան խաշը, խաշլաման, բորշչը կուդան եւ թե Միջին Արեւելքի՝ արաբական ուտելիքները, Արեւմտյան Հայաստանի ճաշերը կուդան: 10 տարի եղավ՝ կաշխատին: Իմ մորաքրոջ տղան եւ տիկինն են գլխավոր վարողները»,– պատմում է խոհարարական բիզնեսի նախաձեռնողը:

 

Մայրիկից փոխանցված խոհարարական հմտություններն ի նպաստ գործադրելու ցանկությունը շուտով իրագործել է՝ բացելով ռեստորանը, որից եկամուտ գրեթե չի ստանում, բայց իրեն բավարարված է զգում նրանով, որ կարողանում է օգտակար լինել հայրենիքին:

 

Մի անիծեր խավարը, մի մոմ վառե քու անկյունումդ

 

«Ժամանակին դպրոցում մի պրոֆեսոր ասել էր՝ մի անիծեր խավարը, մի մոմ վառե քու անկյունումդ: Եթե ամեն մարդ մեկ հատ մոմ վառի, խավարը կցրվի, ես ադոր կհավատամ: Ես իմ կարելիս կընեմ օգտակար ըլլալու Հայաստանին: Եթե ուրիշներն ալ նույնն ընեն, Հայաստանն ավելի շքեղ կլիներ»,– այսպես է նեկայացնում կյանքի փիլիսոփայությունը:

 

Այս միտքն արտահայտում է բոլոր հայերի ու նաև այն սփյուռքահայերի համար, ովքեր, նրա կարծիքով, բացասական են արտահայտվում Հայաստանի մասին՝ այստեղ որևէ դրական զարգացում չտեսնելով ու խոսելով միայն վատ երևույթների մասին: Եթե չեն կարող օգնել, պետք է հեռու մնան Հայաստանից, խորհուրդ է տալիս նրանց, իսկ ովքեր օգնելու պատրաստակամ են, կարող են հետևել իր օրինակին:

 

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ


Վազգեն Կալջյանի հայրենանպաստ  գործունեությունն այսքանով չի սահմանափակվում: Նա մի քանի տարի է՝ նախաձեռնությամբ է հանդես գալիս՝ մի քանիսից մինչև մի քանի տասնյակ անձանցից բաղկացած սփյուռքահայերի խմբերի համար կազմակերպելով այցելություններ Արևմտյան Հայաստան՝ այն բնակավայրերը, որտեղից սերել են այցելուների նախնիները:

 

«Ինծի հետ կկապվեն մեկը Կեսարիայեն է, մյուսը՝ Վանից, ադոր համեմատ ճամփորդություններ կկազմակերպենք, իրենց արմատներու տուները կերթանք: Անշուշտ Սփյուռքի՝ Ամերիկայի, Եվրոպայի մեջ ապրողները կուզեն հինգաստղանի հոթելներում ապրին, փող ունին, իսկ հայաստանցիներն ասում են՝ ավտոյի մեջ էլ կպառկիմ»,– ասում է նախաձեռնության հեղինակը:

 

Շատերը նախընտրում են պարզ պայմաններում անցկացնել իրենց այցելության մի քանի օրերը, բայց տեսնել Երկիրն ու այն հողը, որտեղից գաղթել են իրենց նախնիները: Հետաքրքիր այցելություններն ուղեկցվում են նոր բացահայտումներով, երբ թուրքերենին տիրապետող Վազգեն Կալջյանին են մոտենում ծպտյալ հայերն ու խոսում իրենց հայկական արմատների մասին՝ խնդրելով, սակայն, չբարձրաձայնել այդ մասին:

 

«Վերջին այցելություններիս մեջ այնքան հայերու հանդիպած եմ, որ կըսեն մենք կուզենք հայ ըլլալ, բայց Ստամբուլի մեջ տարբեր է, մյուս գավառներու մեջ՝ տարբեր, եթե հայությունը բացահայտեն, գործեր կելլեն: Ասոնք իսլամացած հայերու թոռնիկներն են, թե՛ Սփյուռքի մեջ, թե՛ Հայաստանի մեջ ասում են՝ ինչու են փոխել կրոնը, օրինակ Բայազեթի մեջ ո՛չ եկեղեցի կա, ո՛չ հայերեն խոսող կա, ո՛չ քահանա կա, ոչ մեկ հայկական բան չկա, ոնց կրոն փոխեն»,– ասում է կանադահայը:

 

Նա վստահ է, որ այն թրքահայերը, ովքեր հայանալու ցանկություն ունեն, պետք է նաև Հայաստան այցելելու հնարավորություն ունենան: Կալջյանի համար կարևոր այս նախաձեռնությունները հեշտ չէ իրականացնելը, բայց ավելի քան 13 տարի ապրելով Հայաստանում՝ կարողացել է ի գործ դնել իր մտադրությունները, թեև Հայաստանի ու Սփյուռքի փոխադարձ օգտակարության վերաբերյալ այլ մոտեցում ունի: Կարծում է, եթե Սփյուռքի նախարարությունը ցանկանում է Սփյուռքը կապել Հայաստանի հետ, պետք է իրենց միջոցով, Հայաստանին ծանոթ իր նման մի քանի հայրենակիցների աջակցությամբ փորձի ձեռնարկներ իրականացնել։ Այս դեպքում հաստատ կատարվող քայլերը շատ ավելի արդյունավետ կլինեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին