▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

88-ի շարժումն ազգադավ կամ հայրենադավ չէր, իսկ այսօր իրավիճակն այլ է...

Նորից ալեկոծ է հայ կյանքը: Օտար հողմերը նկրտում են կրկին փոթորիկ առաջ բերել հայ կյանքում: Եվ դարձյալ հարվածում են Հայոց Եկեղեցուն` հմուտ, խորագետ, զգոն, իրապաշտ հեռատես և քաջարի նավարարին: Հարվածում են այն սին հույսով, որ թերևս տեղի տա... Սակայն բնավ, երբեք ոչինչ չի շեղի Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականի դարավոր առաքելությունը:
Որոշ «գործիչներ» հասկանում են, շատ լավ գիտակցում են, որ Հայոց Եկեղեցին և հայ հոգևորականը քաղաքական կուսակցություն կամ քաղաքական գործիչ չեն, ուստիև չեն կարող մաս կազմել քաղաքական խաղերի կամ գործողությունների: Եվ սակայն իրենց թույլ են տալիս այնպիսի կոչեր անել, որոնք մոլորության մեջ են գցում բարեմիտ հայորդիների...
Հայոց Եկեղեցին` որպես Հայաստանի հավատարիմ ու նվիրյալ քաղաքացի կատարել է իր արդար ու ազատ ընտրությունը. մենք ընտրել ենք Հայոց Պետականությունն ու Պետությունը: Մենք հավատում ենք, որ մեր Հայրենի Պետության մեջ կա արդարություն, ազատություն և բոլոր հնարավոր միջոցներն առկա խնդիրները բարվոք կերպով լուծելու:
Պետք չէ տրվել արկածախնդրության, պետք չէ կորցնել զգոնությունը: Բավական է խաղալ, բավական է հայ ժողովրդի տունը քանդել` օտարին ծառայելով. հարկ է գործի լծվել, արդար ու շինարար: 
Եվ վերջապես. հանգիստ թողեք երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Հայրապետին. հայ հոգևորականից, մանավանդ ներկայիս Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսից (ով եղել է Նրա սանը և հավատարիմ ու նվիրյալ հետևորդը), առավել ոչ ոք սեր չի կարող տածել Նրա նկատմամբ: Վազգեն Ա Հայրապետը երբեք քաղաքական խաղերի մասնակից չի եղել, Նա երբեք քաղաքական կուսակցությունների հատվածական շահերը չի պաշտպանել: Իսկ եթե 1988 թ. Նա իր ձայնն է բարձրացրել, ապա միմիայն Հայոց համազգային շարժմանը սատարելու համար, իսկ այդ շարժումը պայքարում էր Խորհրդային Միության դեմ: Այդ շարժումն ազգադավ կամ հայրենադավ չէր: Իսկ այսօր իրավիճակն այլ է...
Ով ականջ ունի լսելու, թող լսի: Ով աչք ունի տեսնելու, թող տեսնի: 
ԱՍՈՂԻԿ ՔԱՀԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Տեր Ասողիկ Կարապետյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին