▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

A la guerre comme a la guerre. ՊԱՏԱՍԽԱՆ ՀԻՍՏԵՐԻԿՆԵՐԻՆ

Ժողովրդական իմաստությունը փաստում է. «Ամենաբարձրը հենց գողն է գոռում` բռնեք գողին»: Ճիշտ այս տրամաբանությամբ այսօր հայտնվել են «նախանձախնդիր» մարդիկ, ովքեր աղաղակում են, թե իրենք կոչված են պայքարելու հայաստանյան լրատվական դաշտի կուսության համար, բայց որպեսզի կուսությունը վավերական ու փաստարկված լինի, այն պիտի հաղթահարի բռնաբարվելու դժվարությունները: Քիչ էր մնում հավատայինք վերջիններիս բռնած գործի անկեղծությանը, բայց հո բոլորս գիտենք, որ Հայաստանը փոքր երկիր է ու ամենքն ամենքին ճանաչում են: Ուրեմն գիտենք նաև, թե ինչու է X-ը կոկորդ պատռում Y-ի համար, ինչու է համապատասխանաբար Y-ը մարմնի մեկ այլ մաս պատռում X-ի պատվին, և այս երկու անհայտով հավասարման մեջ հիշյալ զույգն ինչ արդյունք է ակնկալում:

Կար ժամանակ, երբ նույն կերակրատաշտից սնվող այս «մաքրկենցաղները» իրենց մրցակից լրատվամիջոցների հետ պայքարում էին կոշտ միջոցներով. ծայրահեղ դեպքում կարելի էր կոտրել կայքը, ինչ-որ տեխնիկական անսարքության պատճառաբանությամբ անջատել համացանցից և հարցը լուծված էր: Բայց երբ որոշ կայքեր խելամտաբար հրաժարվեցին հայաստանյան ծառայություններից և գտան արտերկրյա գործընկերներ, խնդիրը դժվարացավ: Ու հենց այդ պահին էլ հրապարակ նետվեց պայքարի «Բ» տարբերակը` զրպարտությունը: Հիմա կարել է հրապարակավ (և անպատիժ) հայտարարել, թե այս կամ այն լրատվամիջոցը զբաղվում է գրագողությամբ, ցեխ շպրտել ոչնչով չմեղանչած մարդկանց աշխատանքի վրա և մի կողմ քաշվել` հեռվից չարախնդորեն դիտելու, թե ինչպես են մեղադրվողները ջանում արդարանալ և հակափաստարկների հսկայական ցանկեր մեջբերել: Կարելի է նաև հանրային քննարկումներ կազմակերպել` հրավիրելով հատուկ ընտրյալ հիստերիկների ու վերը նշված ձեռքերի տակ խաղացողների, ովքեր եթերից արցունքն աչքերին կերդվեն բոլոր սրբություններով, որ իրենց օրը ցերեկով կողոպտել են, որ իրենց ինտելեկտուալ սեփականությունը յուրացված է ու այսուհետ կյանքն անիմաստ է դարձել, ապրելն` իզուր:

Այս դասը մենք արդեն անցել ենք: Նոր բան մտածեք, պարոնայք կուսամոլներ, ռեյտինգի մեռածներ, բմբլակոթ գրչակներ, չկայացած մեծամիտներ, անթառամ միջակություններ, КВН-յան մակարդակի գրասենյակալին ծաղրածուներ, լրագրողական աղբաման քրքրողներ: Ուրիշ բան մտածեք:
Ու քանի որ ժողովուրդը միշտ և ամեն դեպքում իրավացի է, ապա որպես ավարտի խոսք հիշեցնենք մեկ այլ ասույթ այն մասին, որ փոս փորողն ինքն է ընկնում այդ փոսի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին