▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն առաջարկում է արգելել սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ ԱԹՍ-ների օգտագործումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քննարկման է ներկայացրել «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործումն արգելել։

ԱԱԾ-ն նշել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի եւ ԱԹՍ-ների օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի եւ ԱԹՍ-ների միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:

«Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի եւ ԱԹՍ-ների օգտագործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ ՀՀ պետական սահմանի պահպանմանը, որի կապակցությամբ նպատակահարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմանափակումներ»,- նշել է ԱԱԾ-ն:

Այսպիսով՝ առաջարկվում է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ ԱԹՍ-ների օգտագործումն արգելելու նպատակով «Պետական սահմանի մասին» օրենքի 221 հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետում կատարել համապատսխան լրացում եւ արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել ԱԹՍ-ներ, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները եւ արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին