Թուրքական լրատվամիջոցները բազմիցս նշել են, որ Թուրքիայում արդեն 2 տարի որպես թոփ-մոդել մի շարք մոդելային գործակալությունների հետ համագործակցող ազգությամբ հայ Ռոզա Շաքե Հովհաննիսյանը նորաձևության ասպարեզում մեծ պահանջարկ ունի:
Եթե խոսքը հայուհու մասին է, բնականաբար ադրբեջանական ԶԼՄ-ներն անտարբեր չէին կարող մնալ: Նրանց արձագանքը սպասելի էր, սպասելի էր նաև, դրա բնույթն ու զավեշտալի լինելու աստիճանը:
Ադրբեջանական կայքերից մեկը նախ փորձել է բացատրել պահանջված լինելու չափանիշները՝ նշելով, որ պահանջված լինել ամենևին չի նշանակում լինել գրավիչ:
«Ավելին՝ Fashion TV-ի ցանկացած հեռուստադիտող կարող է հաստատել, որ այժմ մոդելներից պահանջվում է լինել հնարավորինս անդեմ, որպեսզի գեղեցկությունը չշեղի մարդկանց ուշադրությունը, որը պետք է սևեռված լինի նրա ներկայացրած հագուստների վրա վրա: Այլ կերպ ասած՝ ժամանակակից մոդելը պետք է «կախիչ» լինի, ով ընդամենը ցուցադրում է հայտնի բրենդների հագուստները: Իսկ դրա համար պետք են Շաքե Հովհաննիսյանի նման աղջիկներ»,- գրում է կայքը:
Հոդվածագիրը նշում է, որ միանշանակ Թուրքիայում էլ կարելի էր գտնել նման արտաքինով աղջիկներ, բայց… ամենամեծ զավեշտը. ըստ ադրբեջանցիների՝ հարցն ունի քաղաքական ենթատեքստ:
Նշվում է, որ Արևմուտքը ճնշում է Թուրքիային՝ ստիպելով ընդունել Ցեղասպանությունը: Եվ Թուրքիայի՝ հայուհուն որպես ամենապահանջված մոդել ներկայացնելու քայլը մտածված է: Դա կարող է դառնալ ապացույցը՝ հայերի նկատմամբ թուրքերի հանդուրժողական վերաբերմունքի: