Արդեն տեղեկացրել ենք, որ «Россия» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Один в один» նախագծին մասնակցող Ալեքսեյ Չումակովը, ում մայրը հայ է, կատարել է ռուսական շանսոնի` դասական համարվող Բոկայի` Բորիս Դավիդյանցի երգերը` ներկայացնելով հայկական պոպուրի: Հատկանշականն այն է, որ Չումակովի ելույթը, մասնավորապես` դրան հաջողորդող ժյուրիի անդամ Լարիսա Դոլինայի խոսքն ադրբեջանական մամուլում հիստերիա է առաջացրել: Ադրբեջանական իշխանության դհոլ համարվող Haqqin.az կայքին չափից դուրս զայրացրել էր այն, որ Դոլինան, դիմելով Չումակովին, նշել էր, որ մուղամն այսպես կարողանում են երգել միայն հայերը.
«Սա ֆանտաստիկ մի բան է: Երգել մուղամ շատ բարդ է: Միայն եզակի մարդկանց է դա հաջողվում, շատերն են սովորում, սակայն դա իրենց մոտ չի ստացվում: Ինչպե՞ս է դա քեզ հաջողվում, ես դա չեմ հասկանում… Դու քո ձայնի միջոցով անում ես ֆանտաստիկ մի բան, հրաշք ես գործում, որը, ինձ թվում էր, թե անհնարին է անել ձայնի հետ: Մուղամին տիրիապետում են միայն հայերը, ադրբեջանցիներն էլ են շատ լավ կատարում մուղամը, բայց թե դա քեզ ինչպես է հաջողվել, ես չեմ պատկերացնում…»:
Ադրբեջանական կայքին զայրացրել էր հատկապես այն փաստը, որ Դոլինան նշել էր, որ ադրբեջանցիները նույնպես լավ են կատարում մուղամը, այն դեպքում, որ դա հենց իրենց երաժշտական ձևաչափն է: Կայքի թղթակիցը հուսահատված նշել էր, որ Դոլինայի պատճառով շարքային ռուս քաղաքացին կկարծի, որ մուղամը հայկական երևույթ է: Սրտնեղելու պատճառներից մեկն էլ այն էր, որ Դոլինան, ով անձամբ ճանաչում է Բոկային, չէր հիշեցրել, որ վերջինս ծնվել և ապրել է Ադրբեջանում: Կայքը նաև գրել էր, որ, ինչպես միշտ, ռուսական հեռուստատեսությունը շարունակում է հայկական կեղծ քարոզարշավը, միայն թե տվյալ դեպքում դա վերաբերում էր երաժշտությանը, այլ ոչ թե քաղաքականությանը:
Ինչպես միշտ, ադրբեջանցիների համար չկա ավելի վատ երևույթ, քան այլազգիների կողմից հայերի հասցեին հնչող որևէ գովասանք: Հավելենք նաև, որ իր ելույթից հետո Չումակովն առիթը բաց չի թողել հպարտանալու իր հայկական արմատներով, իսկ հաղորդավարի հարցին, թե որտեղից Բոկային այդքան բարեհոգություն, Ալեքսեյ Չումակովը պատասխանել է` հայը չի կարող չար հոգի ունենալ: