▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի իշխանությունները հիմա էլ թուրք գործիչներին են Արցախ այցելելու համար «սեւ ցուցակ»-ում տեղավորել

Տեղեկացրել էինք, որ Հայաստանում էին Թուրքիայի 23-րդ գումարման Խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրազը, Թուրքիայի գիտությունների ակադեմիայի անդամ, գրող Ալի Բայրամօղլուն, ակադեմիկոս, գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթիրջօղլուն, գրող, ակտիվիստ Սաիդ Չեքինօղլուն:

«Մենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, երկու հասարակությունների մերձեցման կողմնակիցներն ենք, ցանկանում ենք, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եվ այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանում մեր գտնվելը կարծես թե 2008 թվականին սկսված հայ-թուրքական արձանագրությունների շարունակությունն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր  Ալի Բայրամօղլուն:

Ավելի ուշ նրանց այցելել էին Արցախ, արդյունքում, Ադրբեջանի իշխանությունները քրեական գործ են հարուցել։

ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, հայտնում է, որ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ Ուֆուք Արասի, Ալի Բայրամօղլուի, Սաիդ Չեքինօղլուի եւ Էրոլ Քաթըրջըօղլուի նկատմամբ ծանր հանցագործություններով քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՔՕ 318.2 հոդվածով, այն է՝ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում։

Ուֆուք Արասը, Ալի Բայրամօղլուն, Սաիդ Չեքինօղլուն եւ Էրոլ Քաթըրջըօղլուն որպես կասկածյալներ ներգրավվել են նշված հոդվածներով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Պատվիրակության անդամների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։

Թուրքիայի իրավապահ մարմիններին այս անձանց ձերբակալելու  մասին դիմում է ուղղվել։

«Արցախ նրանք գիտակցաբար են այցելել: Նպատակն էր՝ թուրք հասարակությանը օբյեկտիվ տեղեկություն տրամադրելու հնարավորություն ստեղծել:  Ասել, թե նրանք չէին կանխատեսում, որ նման բան կարող է լինել՝ սուտ կլինի:  

Նրանց հետ ամեն օր խոսում եմ, տրամադրության անկում չկա: Եթե հրավեր լինի թուրքական որևէ հեռուստաընկերությունից, պատրաստ եմ լինել նրանց կողքին ու պատասխան տալ այս քայլի համար: Այս գործն արդար է: Եթե ադրբեջանցիները հարց ունեն, ես էլ ասում եմ՝ թող ցույց տան անցակետը, որտեղից որ Արցախ պետք է այցելեն: Իհարկե, չեն կարող ցույց տալ, քանի որ նման բան չկա: Արցախ Հայաստանից են այցելում, այն մեր երկրի անբաժանելի մասն է»,-լրագրողներին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, ում հրավերով էլ թուրք գործիչները ժամանանել էին Հայաստան: 

 Արագած Ախոյանը նշեց,  որ չի կարծում, թե Թուրքիան նրանց կարտահանձնի Ադրբեջանին: Հնարավոր է՝ միայն դատավարություն լինի: 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ստեղծած «սև ցուցակ»-ում ճանաչված քաղաքական գործիչներ են, լրագրողներ, արվետսագետներ, մարզիկներ:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին