▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանից նաև նուռ էին ներկրել

«Շատ խիստ պետք է վերաբերվենք այն բոլոր ապրանքատեսակներին, որոնք ներկրվում են Հայաստան: Մենք շրջապատված ենք ոչ բարյացակամ հարևաններով: Տարիներ առաջ ներկրված ձվի մեջ ալդրին հայտնաբերեցինք և երկու ֆուռ հետ վերադարձրինք։ Եթե մի մարդ այդպիսի 3 ձու օգտագործեր՝ կթունավորվեր, 5-ը ուտեր՝ կմահանար: Շատ անգամներ Ադրբեջանից ունեցել ենք նռան ներկրում, որի ծաղկային մասում ինչ-որ թունանյութով իբր կյանքը երկարացնելու համար փակել էին: Ստուգեցինք և տեսանք, որ տզերի և այլ միջատների համար օգտագործվող թունավոր նյութ կար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը:

Շարունակելով վերջինին՝ «Սպառողների ազգային ասոցիացիայի» գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը նշեց.

«Ադրբեջանից խնձորի, իսկ Թուրքիայից լոլիկի ներկրումը կարծում եմ, որ անօրինական է եղել, քանի որ ՀՀ կառավարությունը թույլ չէր տա, որպեսզի նման բան կատարվեր»:

Անդրադառնալով թուրքական լոլիկին՝ Մելիտա Հակոբյանը նկատեց.

«Թուրքական լոլիկը կարմիր է, հայկականը՝ վարդագույն: Թուրքականի դեպքում առկա է ներկանյութ»:

Հավելենք, որ երեկ հայտարարություն էր տարածել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ նշելով.

«Երևան քաղաքի և մարզերի թարմ պտուղ-բանջարեղենի իրացման վայրերում (մասնավորապես՝ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Լենինգրադյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկին հարող տարածքի պտուղ բանջարեղենի իրացման կետերում, Խորենացի փողոցի «Հայկական շուկա N1» գյուղատնտեսական արտադրանքի շուկայում և այլն) արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր: ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը և հանձնարարել ոչնչացնել դրանք: Ծառայության կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության արդյունքներով՝ ապրիլի 1-ից 25-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն խնձոր ներկրվել է Լեհաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից և Իտալիայից:

Ադրբեջանական ծագման խնձոր նշված բեռներում չի եղել. բոլոր դեպքերում ապրանքն ուղեկցվել է համապատասխան փաստաթղթերով, ինչի հիման վրա էլ թույլատրվել է խմբաքանակների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք: Հաշվի առնելով, որ նշված խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել, ծառայությունը չի կարող երաշխավորել դրանց անվտանգությունը՝ սպառողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանք ձեռքբերելուց և նման դեպքեր արձանագրելու դեպքում տեղեկացնել՝ զանգահարելով ՍԱՊԾ թեժ գծին 010 206040 հեռախոսահամարով»:

Տեղական շուկայի տարբեր վաճառակետերում ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու վերաբերյալ այսօր պարզաբանմամբ էր հանդես եկել ՊԵԿ-ը՝ նշելով. «1.Խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ, 2. ՀՀ օրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ, 3. ՊԵԿ-ը նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի մանրամասները ճշտելու նպատակով»:

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին