▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանն իրեն պահում է «Իսլամական պետության» մարդասպաններից ավելի վատ․ Նաիրա Զոհրաբյան

Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը մշտապես եղել է մեր օրակարգում, մենք դա չենք արել, քանի որ դա եղել է հենց Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության հորդորով, թե այս փուլում դա կարող է փակել խաղաղ բանակցային գործընթացը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հիմա Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ օգտագործելով Թուրքիայի տեխնիկան, վիճակը ծայրահեղ ծանր է, այս իրավիճակում որևէ սթափ, ադեկվատ մարդ, երկիր, միջազգային կառույց բարոյական իրավունք ունի՞ խոսելու խաղաղ բանակցային գործընթացից: Երեկվանից հետևում եմ միջազգային հանրության հեզաճկուն, լղոզած գնահատականներին և երկու կողմերի միջև անընդհատ հավասարության նշան դնելուն»,-ասաց նա և նշեց, թե գտնում են, որ պետք է Ազգային ժողովում պետք է ճանաչել Արցախը և քննարկել Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի հուշագիրը:

Այդուհանդերձ, ըստ նրա՝ բոլորի քայլերը պետք է ուղղված լինեն իրավիճակը չվնասելուն: «Ադրբեջանն իրեն պահում է ահաբեկչական «Իսլամական պետության» մարդակերներից, մարդասպաններից ավելի վատ: Ես երեկ կարդացի Մինսկի խմբի լղոզած հայտարարությունը և համամիտ եմ Արցախի նախագահի հետ, որ չի բավարարում միջազգային արձագանքը»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին, ապա Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ մեր անվտանգության շահերից չի բխում այս փուլում, արտաքին քաղաքական շահեր սպասարկելով, անընդհատ փորձել նվազեցնել, նվաստացնել Ռուսաստանի դերակատարությունը։

«Ես կարծում եմ, որ օր առաջ Գագիկ Ծառուկյանը պետք է լինի ազատության մեջ, այն միջազգային կապերը, որ ունի Գագիկ Ծառուկյանը և այն խնդիրը, որ կարող է լուծել Գագիկ Ծառուկյանը, մեզանից որևէ մեկը չի կարող անել: Ես կարծում եմ, որ հիմա մենք պետք է գնանք ազգային համաձայնության, ազգային համերաշխության ճանապարհով»,- ասաց նա: Պատգամավորը չհամաձայնեց, որ Ռուսաստանն անգործության է մատնված և նշեց, որ ինքը շատ ավելի ինֆորմացիա ունի, սակայն չի կարող բարձրաձայնել: Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ պետք է կարողանալ ավելի գրագետ աշխատեցնել խորհրդարանական դիվանագիտությունը, ԱԳՆ-ի, Սփյուռքի լոբբիստական կառույցների աշխատանքը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին