▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աջափնյակ» կայարանի կառուցման համար առաջարկում են «Աջափնյակ-4» քարայրը հանել պատմամշակութային հուշարձանների ցանկից

Հետք․am-ը գրում է․ Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման անմիջական ազդեցության տակ գտնվող «Աջափնյակ-4» քարայրը իրենից պատմամշակութային արժեք չի ներկայացնում և կարող է հանվել հուշարձանների պետական ցուցակից։ Այսպիսի եզրակացության են հանգել ազգային հնագիտական խորհրդատուներ Բորիս Գասպարյանը, Արտուր Պետրոսյանը և ազգային քարտեզագրական խորհրդատու Դմիտրի Առաքելյանը։

Նրանց եզրակացությունը տեղ է գտել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտի լրամշակված տարբերակում, որը ներկայացվել է փորձաքննության։

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության նախագծի համաձայն՝ այն սկիզբ է առնելու Հրազդան գետի ձախափնյա հատվածից՝ Արաբկիր համայնքի վարչական տարածքում, որտեղ պահպանվել են դեռևս խորհրդային շրջանում կառուցված թունելների ելքերը։ Ապա անցնելով Հրազդան գետը նորակառույց կամրջով՝ Աջափնյակ համայնքի վարչական տարածք, գետի աջափնյա կողմում միանալու է նորակառույց ժայռափոր թունելներին, որոնցով հասնելու է «Աջափնյակ» կայարան։ Հրազդան գետի կիրճով անցնող հատվածը 210 մ է։

Նախագծի իրականացման համար ընտրված տարածքում առկա պատմամշակութային միավորները  փորձագետները պայմանականորեն բաժանել են երկու մասի՝ ձախափնյա և աջափնյա խմբերի։

Ձախափնյա խմբի մեջ են մտնում Ձորաբերդ ամրոցը, Ձորաբերդ-1 քարայրը, Աբուհայաթի ջրանցքը և հարակից հին այգեգործական գոտին։ Այս բոլոր միավորները ներառված են Երևան քաղաքի պատմության և մշակութի հուշարձանների ցուցակում։ Փորձագետները նշել են, որ դատելով նախագծի և բերված միավորների փոխհարաբերություններից՝ դրանք գնվում են նախագծի իրականացման համար ընտրված տարածքի ուղղակի հարևանությամբ, սակայն չեն ենթարկվում անմիջական ազդեցության։ Այդուհանդերձ, այդ միավորները կարիք են ունենալու որոշակի պահպանական միջոցառումների կիրառության։

Թունելների ելքից հետո նախագծային տարածքը Հրազդան գետի ձախ ափով անցնում է լիովին ավերված տարածքով, որտեղ պատմամշակութային միավորներ լինել չեն կարող, և անցնում աջակողմյան հատված։

Աջափնյա կողմում փաստագրված միավորների շարքում են Դալմայի ջրանցքի մի հատվածը, որտեղով անցնում է ջրանցքի փոքր թունելը, ինչպես նաև Աջափնյակի՝ 4 քարայրից բաղկացած քարանձավային համալիրը։ Դրանք նույնպես ներառված են Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում։

«Դատելով նախագծի և բերված միավորների փոխհարաբերությունից՝ դրանց հիմնական մասը ենթարկվելու է ուղղակի ազդեցության մետրոյի կայարանի շինարարության համար՝ Աջափնյակ համայնքի տարածքով նախատեսվող թունելների փորման դեպքում։ Մասնավորապես, ուղղակի ազդեցության կարող են ենթարկվել Աջափնյակի քարանձավային համալիրը և Դալմայի ջրանցքի մի հատվածը, ինչը կախված է ժայռափոր թունելային հատվածի հիփսոմետրիկ դիրքից։ Վտանգավոր գոտում է հայտնվում նաև Դալմայի ջրանցքի փոքր թունելը, որը շինարարության ընթացքում առաջացող ցնցումներից կարող է լուրջ վնասներ կրել։ Գործնականում՝ Աջափնյակի մետրոյի շինարարության համար պատմամշակութային ռեսուրսների վրա հնարավոր բացասական ազդեցության ամենամեծ ռիսկեր պարունակող տարածքը Հրազդանի կիրճի աջափնյա վերին հատվածն է, որտեղ գտնվում են վերը նշված միավորները»,- ավելի վաղ եզրակացրել էին ՇՄԱԳ փորձագետները։

Սակայն նախագծողի հետ դիտարկվել են Հրազդան գետի կիրճը հատող՝ նոր կառուցվելիք մետրոյի կամրջի և Աջափնյակի 4 քարայրների և Դալմայի ջրանցքի փոքր թունելի փոխհարաբերությունը, քանի որ այդ միավորներն էին բացասական ազդեցության գոտում։

Ջրագծի և նշված միավորների համատեղ քատեզագրումից հասկանալի է դարձել, որ ուղղակի ազդեցություն կարող է կրել «Աջափնյակ-4» քարայրը։

2024թ․ մարտի 21-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշվել է այցելություն իրականացնել և ստուգել նշված քարայրում պատմամշակութային շերտերի առկայության իրողությունը, ինչի հիման վրա էլ ձևակերպել նախարարության դիրքորոշումը և վերջնական եզրակացությունը ծրագրի նկատմամբ։

Դաշտային այցելություններն ու ուսումնասիրություններն իրականացվել են մի քանի փուլով, քանի որ տարածքը խիստ դժվարամատչելի է եղել՝ քարանձավային համալիրի հարևանությամբ կառուցված տան պատճառով։ Այդուհանդերձ, հաջողվել է իրականացնել բոլոր 4 քարայրների հետազոտությունը։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Դալմայի ջրանցքի փոքր թունելը և «Աջափնյակ-1» քարայրը կամրջի ջրագծին մոտ են տեղադրված, սակայն ուղղակի ազդեցություն չեն կրի։ Նույնանման իրավիճակ է գրանցվել նա «Աջափնյակ-2» և «Աջափնյակ-3» քարայրերի համար։

Թվարկվածների մեջ հնագիտական առումով փորձագետները կարևորել են «Աջափնյակ-3»-ը, որտեղից 1990-ականներին գտնվել է վանակատե կուռքը։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն գտնվում է բարվոք վիճակում, չնայած նրան, որ գանձախույզները քարայրի ներսում փոսորակ են փորել։  

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին