▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալեն Դելոնը, Դասթին Հոֆմանը և Էդրին Բրոուդին` Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմում

«Armenia Production» ընկերության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը լրատվամիջոցներից մեկին պատմել է, որ մտադիր է նկարահանել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ, որտեղ ներգրաված կլինեն հոլիվուդյան այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ալեն Դելոնը, Դասթին Հոֆմանը և Էդրին Բրոուդին:
Զրույցի ընթացքում պրոդյուսերը պատմել է ինչպես ֆիլմին վերաբերող իր մտահաղացումների, այնպես էլ այն մասին, որ հենց ինքն էլ անմիջական կապ ունի ցեղասպանության հետ:

«1915թ-ի ողբերգության մասին պատմել է ինձ տատիկս: Թուրքերը նրան գցել են տաք թոնիրի մեջ` համոզված լինելով, որ նա կմահանա: Սակայն նա կարողացել է ողջ մնալ և ապրել 111 տարի` պատմելով մեզ այն սարսափելի տեսարանների մասին, որոնց նրան «բախտ է վիճակվել» տեսնել»,- պատմել է Վալերի Սահարյանը:

Ըստ պրոդյուսերի խոսքերի` ֆիլմը կոչվելու է «Պացիենտ»: Ֆիլմը պատմելու է 20-րդ դարասկզբին տեղի ունեցող դեպքերի մասին: Ֆիլմի գլխավոր հերոսը լինելու է Կոմիտասը, ով, չկարողանալով դիմակայել այն ամենին, ինչին ականատես էր եղել, տեղափոխվել էր Փարիզի հոգեբուժարան, որտեղ անց էր կացրել շուրջ 20 տարի և մահացել:

Վալերի Սահարյանը նշել է, որ վերջերս կապվել է համաշխարհային հռչակ ունեցող «System Of A Down» խմբի երգիչ և երաժիշտ հայազգի Սերժ Թանկյանի հետ` առաջարկելով, որ ֆիլմի երաժշտության հեղինակը հենց նա լինի: Նշենք, որ վերջինս տվել է իր համաձայնությունը:

Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանը հայտնի է նաև հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նվիրված ակտիվ հասարակական գործունեությամբ:

Զրույցի վերջում պրոդյսուսերն ավելացրել է, որ ֆիլմը դեռ նախապատրաստական աշխատանքների փուլում է, բայց միևնույն ժամանակ հույս ունի, որ շուտով այն իրականություն կդառնա:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին