***
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը հիմք է պնդելու, որ Սամվել Վարդանյանի հետ կատարվածը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից, հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուբեն Մելիքյանը։
«Մենք չենք ուզում ասել, որ այս բռնարարքը կազմակերպել է Հայաստանի ոստիկանությունը, բայց ՀՀ-ի ոստիկանության աշխատակիցներն, այո, հանցակցել են, մասնակցել են։
Նրանք եղել են այս ակնհայտ ծանրագույն հանցագործության մասնակիցներ, բայց ոչ` կազմակերպիչներ։
Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ուղիղ հիմք է մեզ համար, որ դա կազմակերպվել է ՔՊ-ի կողմից` ոստիկանության մասնակցությամբ»,- ասաց իրավապաշտպանը։
***
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․ «Երեկ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո Ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող ձերբակալված քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու և արժանապատվությունը նվաստացնող արարքների [փաստաբանների հայտարարությունների] առնչությամբ հետևյալը. 5. Այս գործը պետք է պարտադիր դիտարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահի, այսինքն՝ քաղաքական [կառավարող] իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձի հրապարակային այն հայտարարության հետ կապի մեջ, որում առկա է քաղաքացուն վիրավորական բառերով նրա անդրադարձը և ենթադրաբար՝ իրավապահ մարմիններին ուղղված նրա անթույլատրելի ուղղորդման ձևակերպումը։ Դա ապացուցվում է քննչական մարմնի երեկվա արձագանքի ձևով և հատկապես խոշտանգման վերաբերյալ փաստաբանների այսօրվա հաղորդումներով։ 6. Այսինքն՝ քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը»։ |
* * *
Սամվել Վարդանյանին մի խումբ դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկելու տեղեկության հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր։
Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Սամվել Վարդանյանի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է դեպքին առնչվող մանրամասներ: Հաշվի առնելով լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածված հրապարակումները և առանձնազրույցի ընթացքում ներկայացված հանգամանքները՝ Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ:
Համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասպանատվության: Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։
Միևնույն ժամանակ, Պաշտպանը կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն քարոզող ցանկացած խոսքի կիրառումից և վարքագծից։
Հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժողական, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով։
Ավելին, հանրային և քաղաքական գործիչները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները պետք է ոչ միայն զերծ մնան նման խոսքի կիրառումից, այլև իրենց գործելակերպով հակազդեն դրա ցանկացած դրսևորման։
* * *
ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում վիրավորած Սամվել Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»,– ասել է Նարեկ Սարգսյանը։
***
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից: Եթե նման դեպք է տեղի ունենում այն ժամանակ, երբ պետական մեքենան իրենց անվտանգությունն է ապահովում, ապա ինչեր են կարող կատարվել, երբ կորցնեն իշխանությունը, իսկ ամենամեծ վախն անհայտությունն է ծնում:
Այս ծեծը վախի դրսևորում է, ինչն ավելի է բարդացնում վիճակը: Երբ հաշվեհարդար են տեսնում ձերբակալվածի հետ, ով արդեն ոստիկանների վերահսկողության տակ է, անհայտ դիմակավորված անձանց կողմից, ապա վաղը, իշխանության փոփոխությունից հետո, իրենց հետ նույնպես կարող է հաշվեհարդար տեսնի տարերային, կամ կազմակերպված ամբոխը:
Դա վատ նախադեպ է, հատկապես ՔՊ-ականների համար: Առաջինն իրենց է ձեռնտու բոլոր հարցերը լուծել օրենքի շրջանակում, գուցե դա նախադեպ դառնա արդեն իրենց համար՝ ապագայում»: