▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիեւի երեկվա խայտառակ ելույթին մեր պատվիրակության անդամներն այդպես էլ չարձագանքեցին.«Ժողովուրդ»

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Իլհամ  Ալիեւի երեկվա խայտառակ ելույթին  մեր  պատվիրակության անդամներն այդպես էլ չարձագանքեցին: Նրանք  գլուխները կախ, լուռ լսում էին, թե ինչպես է Ադրբեջանի նախագահը հայերին մեղադրում մշակութային վանդալիզմի մեջ, մեզ կոչում ընդամենը 200 տարվա պատմություն ունեցող քոչվորներ եւ այլն: Եվ  բարբաջանքների այդ երկրաշունչ տարափը այդպես էլ որեւէ ձեւով  չխաթարվեց մեր պատվիրակության անդամների ելույթով, հարցով, կամ գոնե ռեպլիկով:

Մինչդեռ ընդգծենք` Ադրբեջանի նախագահի ոչ միայն ելույթն էր նախօրոք պլանավորված, այլեւ դրա բովանդակությունն էր միանգամայն սպասելի: Հետեւաբար` ՀՀ պատվիրակության անդամները շատ հանգիստ կարող էին եւ պարտավոր էին ոչ միայն ժամանակին հերթագրվել, այլեւ վաղօրոք մշակել հակադարձելու մի քանի տարբերակներ:   Երեկ, սակայն, անգամ Ալիեւից հետո  ելույթ ունեցած  Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով Ադրբեջանում կոռուպցիայի մակարդակին, այդպես էլ նվազագույն նախաձեռնություն չդրսեւորեց եւ  վաղօրոք գրած տեքստից չշեղվեց: Անհասկանալի էր նաեւ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի բացարձակ անգործությունը: Ծայրահեղ դեպքում` նա  կարող էր Ալիեւին հարց ուղղել:  Ի վերջո, Ալիեւն էլ հո Կիսելյովը չէր, որ Նաղդալյանն այդքան կաշկանդվեց:

Եթե ՀՀԿ-ական փափկասուն տիկնանց լռությունը կարելի էր պայմանավորել  փորձառության պակասով կամ անգլերենի չիմացությամբ, ապա  տարակուսելի էր սովորաբար ակտիվ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի կեցվածքը, եւ ավելի քան խոսուն` ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի լռությունը:  Անհիշելի ժամանակներից ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում  ընդգրկված Արմեն Ռուստամյանին չենք հիշատակում, քանզի ԵԽԽՎ-ում նրա գործունեության մասին առհասարակ դժվար է որեւէ բան ասել` չեղած բանի մասին խոսելու անհնարինության պատճառով: Ինչ վերաբերում է Վահե Հովհաննիսյանին կամ Մհեր Շահգելդյանին, նրանց  ակտիվությունն անգամ  հայրենի ԱԺ-ում է զրոյական, ուր մնաց թե` նրանք ԵԽԽՎ-ում ինչ-որ բան անեին: Երեկ ավելի քան երբեւէ, զգացվեց Զարուհի Փոստանջյանի պակասը ԵԽԽՎ-ում, ով ի հեճուկս իր հասցեին  հնչեցվող մեղադրանքների, հաստատ կհակադարձեր Ալիեւին:

Ինչեւէ. եղածը եղած է, եւ վստահաբար` այսօր մեր «քաջարի» պատվիրակները մեկ տասնյակ  պատճառաբանություններ կներկայացնեն` արդարացնելու իրենց  անկարողությունը, նրանք անգամ կմեղադրեն լրատվամիջոցներին` իրավիճակը չզգալու եւ առանց  դիվանագիտական  հաշվարկների մեջ խորանալու` էմոցիոնալ գնահատականներ հնչեցնելու համար: Այդ ամենը, սակայն, որեւէ մեկին չի համոզի:

Հ. Գ.   Կարծում ենք` առաջիկայում  արժե  ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում  ընդգրկել Առաքել Մովսիսյանին` Շմայսին: Ի վերջո, Շմայսից հաստատ ավելի շատ օգուտ կլինի, նա գոնե  Ալիեւին անկեղծորեն կհայհոյի:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին