▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալոկոհոլային թունավորման հետեւանքով տուժած 8 քաղաքացու առողջական վիճակը ծանր է

Սեպտեմբերի 4-ի ժամը 11-ի դրությամբ ալկոհոլային թունավորման դեպքերից տուժած 12 քաղաքացի շարունակում է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում: Նրանցից 8-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, 4-ինը`միջին ծանրության:

Տվյալները մեզ հետ զրույցում հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական բաժնից:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Երեւանում, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում եղել էին ալկոհոլային խմիչքից թունավորումներ։

ԱՆ-ից նաեւ հայտնում են, որ թունավորման հավանական աղբյուրը ոչ գործարանային արտադրության օղու եւ բժշկական սպիրտի օգտագործումն է: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը արդեն իսկ տեղեկացրել է, որ Արմավիրում իրացված տնայնագործ օղու մեջ հայտնաբերվել է մեթիլ սպիրտի բավական մեծ չափաքանակ: Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով նախարարությունը կոչ է անում զերծ մնալ եւ չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։

Նշենք, որ ըստ վիքիպեդիայի տվյալների՝ մեթիլ սպիրտը կամ մեթիլալկոհոլը ուժեղ թույն է, ազդում է նյարդային եւ անոթային համակարգերի վրա։ 5-10 մլ խմելու դեպքում՝ առաջանում է ծանր թունավորում, կուրություն, իսկ 30 մլ-ի դեպքում՝ մահ։ Այն նաեւ անվանվում է փայտի սպիրտ, քանի որ փայտի չոր թորման արգասիք է։

Էթիլ սպրտը կամ էթանոլը կիրառվում է բժշկության մեջ, օծանելիքներում, կոսմետիկայում նաեւ ալկոհոլային խմիչքներում։

ԱՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ մեթիլ սպիրտի պարագայում, կախված թունավոր նյութերի քանակությունից, թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ մի քանի ժամից մինչեւ 1-2 օրվա ընթացքում։ Հիմնական ախտանշաններն են՝ գլխապտույտ, գլխացավ, սրտխառնոց, փսխում, մկանային, հոդերի եւ որովայնի ցավ, գիտակցության մթագնում, քնկոտություն, լուսավախություն, սպեցիֆիկ ազդեցություն տեսողության վրա՝ ընդհուպ մինչեւ կուրություն, արյան մեջ հեմոգլոբինի եւ էրիթրոցիտների մակարդակի բարձրացում, իսկ մեզի մեջ սպիտակուցների եւ հիալինային գլանների հայտնաբերում։

Էթիլ սպիրտից սուր թունավորման ախտանշաններն են՝ գրգռում, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, գլխացավ եւ գլխապտույտ, նիստագմ, դիպլոպիա, թույլ համակենտրոնացում, անհավասարակշռություն, քնկոտություն, ատաքսիա, կոմա, ցնցումներ, շնչառության խանգարում, ճնշման իջեցում, սրտի դանդաղ աշխատանք, մարմնի ջերմաստիճանի իջեցում, հիպոգլիկեմիա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին