ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրականացման համար գլոբալ, համալիր աշխատանք է սպասվում։
ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարության ստորագրումը համարել է ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մասշտաբով կարևոր իրադարձություններից մեկը: Զախարովան նշել է, որ երեք առաջնորդների դարակազմիկ հայտարարության հետևում հսկայական աշխատանք կա, սակայն դրա իրականացումը կապված է ավելի մեծ աշխատանքի հետ:
«Հրաշքների և իրականության միջև կարևոր հատված կա՝ աշխատանքը։ Հենց աշխատանքը, համբերությունը, պատասխանատվությունը, բարությունն ու սերն են երաշխավորում, որ հրաշքները մինչև վերջ կիրականացվեն»,-ասել է նա։
Զախարովան նշել է, որ դեռ շատ անելիք կա, որը խաղաղապահներն իրականացնում են տեղում, իսկ քաղաքական ճանապարհին դրանով զբաղվում են դիվանագետներն ու միջազգային կազմակերպությունները:
«Մեծ, գլոբալ, համալիր աշխատանք է սպասվում։ Հետո արդեն ինքներդ կտեսնեք՝ դա հրաշք է, թե ջանքերի արդյունք», - ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Ամանորյա տոների նախաշեմին Զախարովան հակամարտության կողմերին խաղաղություն է մաղթել։ Նրա խոսքով՝ երբ խաղաղություն կա, ապա շատ բանի կարելի է հասնել։