
Հայկական շոուբիզնեսի ամենահայտնի և սիրված դերասանները՝ Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը, տարիներ շարունակ եղել են ուշադրության կենտրոնում՝ թե՛ իրենց համատեղ նախագծերով, թե՛ հարաբերությունների շուրջ շրջանառվող խոսակցություններով։
Օրերս Հայկ Մարությանը՝ հյուրընկալված հաղորդմանն ունեցել է անկեղծ և բազմաբովանդակ զրույց։ Զրույցի ընթացքում դերասանը անդրադարձել է նաև Մկոյի հետ հարաբերություններին՝ պարզաբանելով, թե ինչպիսին են դրանք այսօր։
Հարցին՝ արդյոք այժմ շփվում են, Մարությանը վստահեցրել է, որ իրենց հարաբերությունները լավ են։ Նա նշել է, որ նախկինում եղած հնարավոր տարաձայնությունները բնական են եղել՝ հաշվի առնելով նրանց մտերմությունը։
«Քանի որ շատ մտերիմ ենք, մտերիմ ընկերներ ենք, անհնար է, որ վեճեր կամ տարաձայնություններ չլինեն։ Օտար մարդուց չես նեղանում, իսկ հարազատից՝ այո, որովհետև շատ ավելի մոտ ես ընդունում»,– ասել է նա։
Դերասանը նաև չի բացառել, որ ապագայում կրկին միասին հանդես գան որևէ նախագծում՝ ընդգծելով, որ նման համագործակցությունը լիովին հնարավոր է։
Հաղորդման ընթացքում տեղի է ունեցել նաև հետաքրքիր դրվագ․ Մարությանը փորձել է ուղիղ եթերում զանգահարել Մկրտիչ Արզումանյանին՝ ցույց տալու համար, որ իրենց հարաբերությունները նորմալ են, սակայն վերջինիս հեռախոսը այդ պահին անհասանելի է եղել։
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Մկրտիչ Արզումանյանն էլ հաղորդումներից մեկի ընթացքում անդրադարձել էր իրենց հարաբերություններին։ Նա նշել էր, որ կոնֆլիկտից հետո առաջին հանդիպումը տեղի է ունեցել իր ներկայացման ժամանակ, երբ Հայկ Մարությանը ներկա է գտնվել հանդիսատեսի շարքերում։
«Թող համենա»,– ասել էր Մկրտիչը՝ իմանալով նրա ներկայության մասին։
Դերասանը նաև ընդգծել էր, որ ժամանակի ընթացքում լարվածությունը հաղթահարվել է, և այժմ նրանք ժամանակ առ ժամանակ հանդիպում են։ «Առաջվա լարվածությունն, ի ուրախություն երկուսիս, անցել է»,– նշել էր նա։
Այս ամենը ցույց է տալիս, որ տարիների ընթացքում ձևավորված ընկերությունն, ի վերջո, հաղթահարել է դժվար փուլերը, և այսօր երկրպագուները դեռևս հույս ունեն նրանց կրկին միասին տեսնել էկրաններին։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝


