▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորանքը`Նիկոլ Փաշինյանին

Մայիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել տիար Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:

Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասված է. «ՀՀ Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք Ձեզ Մեր շնորհավորանքներն ու օրհնությունը:

Պատասխանատու այս պաշտոնին Դուք կոչվում եք երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակի պայմաններում՝ հանրային լայն շրջանակների աջակցությամբ, քաղաքական ընդարձակ խորհրդակցությունների արդյունքում:

Լիահույս ենք, որ նախանձախնդիր ու հետևողական ջանքերով պիտի նպաստեք մեր երկրում կայունության հաստատմանը և մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծմանը՝ հանուն մեր հայրենիքի զորացման ու առաջընթացի»:

Հաջողություններ մաղթելով նորընտիր վարչապետին հայրենաշեն ու ազգօգուտ իր ծրագրերի ու նախաձեռնությունների իրագործման ճանապարհին՝ Նորին Սրբությունը հայցել է Բարձրյալին խաղաղության ու բարօրության մեջ պահել Հայոց երկիրն ու հավատավոր ժողովրդին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին