▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԱԺ-ն աշխատում է 10 ժամ և ոչ մի անդրադարձ` Նիկոլ Փաշինյանի «Քյարքին Հայաստան չէ» արտահայտությանը». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքականության ապաքաղաքականացումը հանրային միջավայրից բարձրացել և հասել է քաղաքական միջավայր: Կասեք ինչո՞ւ. բացատրեմ: Հայաստանում այսօր տեղի է ունեցել երկու իրադարձություն:
Նույն օրը Հայաստանի վարչապետը Տիգրանաշենն անվանում է «Քյարքի» և հայտարարում, որ այն հայկական տարածք չէ։
Եվ նույն օրը Հայաստանի Ազգային ժողովը աշխատում է ուղիղ 10 ժամ։
Կարծես պիտի ենթադրել, որ խորհրդարանը 10 ժամ քննարկել է հենց սա՝ պետության տարածքը, սահմանը, ինքնիշխանությունը և երկրի ղեկավարի հայտարարության քաղաքական, իրավական ու անվտանգային հետևանքները։ Ինչ կերպ էլ դա լիներ, ինչ կանոնակարգումից ու ընթացակարգից էլ դա դուրս լիներ դա և միայն դա պետք է լիներ քաղաքականության սիրտ համարվող խորհրդարանում:
Բայց ոչ։
Խորհրդարանը 10 ժամ զբաղված էր ընթացակարգային զրո նշանակության հարցերով։ Եվ այստեղ արդեն խնդիրը ոչ միայն իշխանությունն է, որին կարծես լրիվ OK էր, որ քննարկվեն իր կողմից ձախողված հանձնաժողովների ընտրությունները, այլ խնդիրն ամբողջ քաղաքական համակարգի բովանդակային մահն է։
Երբ գործադիր իշխանության ղեկավարը հրապարակային խոսքում վերասահմանում է պետության տարածքային պատկանելիության հարցը, ինչ որ հղումներով, իսկ նույն պետության խորհրդարանը կարողանում է տասը ժամ աշխատել այնպես, կարծես ոչինչ չի կատարվել, խորհրդարանը դադարում է լինել քաղաքական ինստիտուտ։ Այն վերածվում է գործող պետության ֆոնային դեկորացիայի։ Պետության տարածքի մասին քաղաքական հայտարարությունը՝ մի կողմում։ Տասը ժամանոց խորհրդարանական զբաղվածությունը՝ մյուս, բա սա քաղաքականության ապաքաղաքականացում չի, ի՞նչ է:
Եվ այդ երկու պատկերների միջև եղած անդունդն այսօր Հայաստանի քաղաքական համակարգի ամենաճշգրիտ ախտորոշումն է։
Էստեղ արդեն ամեն բան ավարտվում է։
Որովհետև, եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը։
Հարցն այն է՝ այդ դեպքում ընդհանրապես ինչի՞ համար է նրա քաղաքական գոյության իմաստը, եթե ոչ` քաղաքականության ապաքաղաքականացման»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին