▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկահայ բարերարը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման էր եկել դստեր, մոր, եղբոր և քույրերի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանին, ով ԱՄՆ առողջապահական ոլորտի հայտնի ներկայացուցիչ է և ԱՄՆ 14 նահանգների 45 հիվանդանոց ներառող խոշոր ցանցի ղեկավար:

 

 

 

 

Ողջունելով Մայք Սարյանի առաջին այցը Հայաստան՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել նրա երկարամյա մասնագիտական գործունեությունը, ինչպես նաև դերակատարությունը ամերիկահայ համայնքի կյանքում, Հայաստանի ու Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերում: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ արդյունավետ համագործակցություն կձևավորվի, ինչը կնպաստի առողջապահության ոլորտում բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը:

Մայք Սարյանը, շնորհակալություն հայտնելով Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար, նշել է, որ հպարտ է հնարավորություն ունենալ՝ որպես հայ իր նպաստը բերելու հայրենիքի առաջընթացին: Նա պատրաստակամութուն է հայտնել օժանդակել վարչապետի պաշտոնակատարին, կառավարությանը և առողջապահության նախարարությանը՝ բարեփոխումները կյանքի կոչելու գործում և իր փորձը, մասնագիտական հմտությունները ծառայեցնել Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացմանը, կոնկրետ ծրագրերի իրականացմանը:

 

 

 

Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է Մայք Սարյանի գործնական տրամադրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի համար այս նոր և կարևոր ժամանակաշրջանում անհրաժեշտ է աշխարհասփյուռ հայության մեծ ներուժը ներգրավել մեր երկրի ապագայի կառուցման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առողջապահության ապահովագրության, բժշկական հաստատությունների արդիականացման, մասնագիտական վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով համագործակցության հեռանկարների շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առողջապահության նախարարի պաշտոնակատարի հետ վաղը կայանալիք հանդիպման ժամանակ ավելի մանրամասն կքննարկվեն կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

 

Եվս մեկ պաշտոնական լուր՝ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից:

Նիկոլ Փաշինյանի և  Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամների հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ընթացող գործընթացները դրական ազդեցություն կունենան Հայաստանում ՌԱԿ-ի գործունեության վրա և նոր թափ կհաղորդեն կուսակցության զարգացմանն ու քաղաքական պրոցեսներին ներգրավվածության բարձրացմանը:

 

 

 

ՌԱԿ կենտրոնական վարչության անդամները պատրաստակամություն են հայտնել կուսակցության արտերկրի կառույցների գործունեությամբ նոր ազդակ հաղորդել սփյուռքի հսկայական ներուժի իրացմանը՝ ի նպաստ հայրենիքի զարգացման: Նրանք նշել են, որ մտադիր են առաջիկայում Երևանում սփյուռքահայ գործարարների մասնակցությամբ կազմակերպել տնտեսական համաժողով, որի ընթացքում վերջիններս կկարողանան ծանոթանալ Հայաստանում առկա ներդրումային միջավայրին և նախանշել նորանոր ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և առաջարկել այդ ուղղությամբ համագործակցել ՀՀ կառավարության համապատասխան մարմինների հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին