«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը հույս էր հայտնում, որ ի վերջո Եվրամիությունն ու Եվրասիական միությունը գործակցելու են, քանի որ անընդհատ հակադրության վրա չի կարող կառուցվել զարգացում եւ անվտանգություն: Ընդամենը մի քանի օր անց, իհարկե՝ ոչ Եվրամիության մակարդակում, սակայն մենք ականատես եղանք Ռուսաստանի դեմ մեկուսացման ու պատժամիջոցների քաղաքականության նոր ալիքի՝ ԱՄՆ ֆիննախի հրապարակած «Կրեմլի ցուցակի» տեսքով: Թեեւ խոսքը Եվամիության մասին չէ, սակայն ակնհայտ է նաեւ, որ այս գործում ԱՄՆ-ը լինելու է օրակարգ թելադրող, եւ այս առումով Եվրամիության քաղաքականությունը եթե զուգահեռ չխստանա ու կոշտանա, ապա առնվազն չի թուլանալու, քանի դեռ ԱՄՆ-ը ձգում է օղակը:
Եվ այստեղ հարց է առաջանում, թե ինչի՞ վրա է հիմնված Սերժ Սարգսյանի լավատեսությունը, որ Եվրամիությունն ու ԵՏՄ-ն, կամ այլ կերպ ասած՝ Արեւմուտքն ու Ռուսաստանն ի վերջո դիմակայությունից անցնելու են գործակցության: Ի վերջո անկասկած կանցնեն, սակայն որքա՞ն ժամանակից: Դա կարեւոր հարց է, որովհետեւ այդ դիմակայությունը շատ կոնկրետ մարտահրավերներ է Հայաստանի համար: Իսկ Հայաստանի առաջ դրանք դնում են շատ պարզ մի խնդիր՝ ի՞նչ է անում Հայաստանը. դիմանում է եւ սպասո՞ւմ, թե դիմակայությունը երբ կավարտվի, թե՞ փորձում է գտնել զարգացման նոր հնարավորություններ, որ ինչքան էլ տարօրինակ հնչի՝ առաջանում են այս դիմակայության պայմաններում:
Օրերս ԱԳՆ-ում ունեցած ելույթում արդեն Սերժ Սարգսյանը խոսում էր նոր մարտահրավերների պայմաններում եղած նոր հնարավորությունների մասին՝ ասելով, որ դրանք պետք է առավել արդյունավետ օգտագործել ի շահ Հայաստանի: Սա արդեն առավել ռացիոնալ մոտեցում է, որովհետեւ Հայաստանը պարզապես այլընտրանք չունի: Դիմակայության ավարտին հուսալը կամ սպասելը այլ բան չէ, քան, այսպես ասած, իմաստուն փաթեթավորված անհամարժեքություն կամ տկարություն, կամքի բացակայություն: Ըստ այդմ՝ Հայաստանը պետք է փնտրի եւ գտնի նոր հնարավորություններ, առավել եւս, որ դրանք կան: Կա՞ դրանք փնտրելու եւ օգտագործելու, ավելի շուտ՝ տեսնելու եւ օգտագործելու կամք ու համարձակություն: Այստեղ է գլխավոր հարցը:
ԱԳՆ-ում Սերժ Սարգսյանի ելույթը հուշեց, որ համենայնդեպս կա անարդյունավետության խնդիրը արձանագրելու փաստ: Այդ իմաստով աննախադեպ է, երբ նախագահը այդպես բաց տեքստով դժգոհում է արտաքին գործերի նախարարության արդյունավետությունից: Դա տեղի չի ունեցել անգամ ավելի բարդ ժամանակներում, երբ ակնհայտ էին կոպիտ դիվանագիտական բացթողումները, անգամ Ապրիլյան պատերազում, երբ հասարակությունը չգիտեր, թե ուր է արտաքին գործերի նախարարը:
Ինչ շարունակություն կունենա ԱԳՆ հանդեպ աննախադեպ քննադատությունը կամ դիտողությունը: Խնդիրը այստեղ զուտ նախարարի հանդեպ վերաբերմունքի եւ նրա փոփոխության հարցը չէ: Ակնհայտ է, որ այստեղ առկա է կոնցեպտուալ ճգնաժամ, առանց որի հաղթահարման Հայաստանը մշտապես գտնվելու է ապարդյուն սպասողական ռեժիմում՝ հուսալով, որ կվերադառնա մինչեւ 2008 թվականը եղած արտաքին կոնյունկտուրային իդիլիան: ԵԽԽՎ ելույթում նշմարվեց այդ հույսի նոր տիրաժավորում, սակայն մի քանի օր անց Սերժ Սարգսյանը Երեւանում հանդես եկավ արդեն բոլորովին այլ մոտեցումով: Ըստ երեւույթին, այդ փոփոխությունը զգալիորեն պայմանավորվեց «Կրեմլի ցուցակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում