▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ կորցնու՞մ է իր ազդեցությունը աշխարհում. չեմ կարծում

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարի տեղակալ Ֆրենկ Քենդալը հայտարարել է, որ վերջին ժամանակներում ԱՄՆ-ն սկսել է կորցնել ռազմատեխնոլոգիական առավելությունը՝ զիջելով Չինաստանին, Ռուսաստանին և այլ երկրներին: Նա մասնավորապես անդրադարձել է Չինաստանին ասելով, որ վերջինիս արագ զարգացմամբ ԱՄՆ-ի տեխնոլոգիական առավելությանն այնպիսի մարտահրավեր է նետվել, որն ինքը չի տեսել տասնամյակներ շարունակ, հատկապես՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ 

Սա, հարգելի ընթերցող, առաջին հայացքից կարող է թվալ, որ ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնում աշխարհում իր դերի և ազդեցության նվազման վերաբերյալ: Այլ կերպ ասած կարծես թե ականատեսն ենք լինում վերջին 20 տարիների միաբևեռ քաղաքականության ավարտի և դրա արդյունքում ստեղծված բազմաբևեռ աշխարհի հիմնադրմանը, բայց անկեղծ ասած ինձ այդպես չի թվում: Ես կարծում է սա պարզապես խաղ է ԱՄՆ-ի կողմից, որպեսզի նա մեծացնի իր ռազմական բյուջեն և ճնշի զարգացող խոշոր տերություններին`պահպանելու համար աշխարհում ստեղծված ստատուս քվոն:

Հիմա եկեք հասկանանք, թե արդյոք ԱՄՆ-ն անկում է ապրում ռազմական ոլորտում թե ոչ:

Այսօրվա դրությամբ ԱՄՆ առաջատար է իր ռազմական բյուջեյով, որը կազմում է աշխարհում այս ոլորտի մասնաբաժնի շուրջ 40%-ը ($682մլդ), իսկ Չինաստան տարեկան ծախսում է շուրջ $160մլդ, որն իր հերթին կազմում է %9.5-ը: Ռուսաստանը ճիշտ է աշխարհում երրորդն է, բայց նրա ծախսերը կազմում են 2 անգամ պակաս քան Չինաստանինը: 

Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի միայն 7-րդ նավատորմը, որը տեղակայված է Ճապոնիայի և Հարավային Կորեայի մոտ, հավասարը չունի ամբողջ Հնդկական օվկիանոսում և ընդհանրապես ամբողջ Ասիայում: Մինչդեռ Չինաստանի նավատորմը շատ թույլ է զարգացած և զիջում է ոչ միայն 7-րդ նավատորմին այլև Հնդկաստանի արագ զարգացող նավատորմին: (Ի դեպ Հնդկաստանինը Ասիայում զիջում է միայն հենց 7-րդ նավատորմին): Չինաստանի ամենազարգացած ճյուղը ցամաքային զորքերն են, բայց այօրվա իրականության մեջ ուժեղ բանակ ունենալու համար պետք է ունենալ ուժեղ նավատորմ և ավիացիա:

Ինչ վերաբերում է Հնդկաստանին, ապա նավատորմից բացի կարելի է ասել ոչինչ չունեն: Նրանց ցամաքային ուժերը և ավիացիան անհամեմատ զիջում են ԱՄՆ-ին: Ճիշտ է Հնդկաստանը ևս միջուկային տերություն է, բայց այսօրվա դրությամբ դա քիչ է: Հնդկաստանի մասին այսքանով կարելի է սահմանափակվել: Իսկ Ռուսաստանը փորձում է վերականգնել սովետական միության ռազմական հզորությունը, բայց ժամանակի առումով հետ է մնում: Ինչ խոսք նրանց միջուկային արսենալը ամենամեծն է աշխարհում, բայց ինչպես քիչ առաջ ասացի դա շատ քիչ է «մրցունակ» մնալու համաև: Աշխարհն առաջ է շարժվում և անընդհատ ներդրումներ են արվում ռազմական տեխնիկայի մոդեռնիզացման ուղղությամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է հզոր տնտեսություն, որը որ Ռուսաստանն առայժ չունի:

Մենք ընդամենը խոսեցինք ԱՄՆ-ի և նրա այսպես ասած պոտենցիալ հակառակորդների ռազմական դրության մասին, սակայն նույնիսկ եթե երկրների հզորությունը չափենք իրենց տնտեսություննով, ապա ԱՄՆ ևս առաջատար է և մոտ ժամանակներս դժվար էլ իր տեղը զիջի: Հաճախ խոսվում է այն մասին, որ ԱՄՆ-ի հեգեմոնիան կավարտի 2025թ-ին ոմանք ասում են 35 կամ 45 տարի հետո: Անկեղծ ասած ես այդպես չեմ կարծում, հենց միայն այն պատճառով, որ մինչև 2004-5 թվականները ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ ԱՄՆ-ում կհայտնաբերվեն սլանցային գազի ահռելի պաշարներ, որոնք օրեցօր ավելանում են և ըստ Միջազգային էներգետիկ գործակալության 2020թ-ից սկսած ԱՄՆ-ն ոչ միայն չի լինի ածխաջրածինների ներկրող այլև կլինի արտահանող երկիր:

Նման սցենարը ԱՄՆ-ին կդարձնի անխոցելի Միջին արևելի վայրիվերումներից և կխթանի տեղական արտադրանքի մրցունակությանը: Մի խոսքով կարծում եմ այս տվյալներն էլ բավական են, որ հասկանանք, որ ԱՄՆ-ի փորացավը միանգամայն ուրիշ է:

Հայկ Թամրազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին