▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուլսարի հարակից համայնքների ուղերձ-պահանջը ՀՀ կառավարությանը

Ինչպես գիտեք, այսօր Ամուլսարի հարակից համայնքների մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության դիմաց, որի ընթացքում ներկայացրեցին ՀՀ Վարչապետին և կառավարության անդամներին ուղղված ուղերձ-պահանջը՝ համայնքների հազարավոր բնակիչների անունից: Ստորև ներկայացնում ենք ուղերձ-պահանջը ամբողջությամբ:

Մեծարգո վարչապետ, Կառավարության հարգելի անդամներ

Մենք ներկայացնում ենք Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչների մեծամասնությանը:

Դեռևս երկու ամիս առաջ մենք 1200 բնակչի ստորագրությունով նամակ ենք հանձնել Կառավարությանը, սակայն որևէ պատասխան  չստանալուց հետո հուլիսի 22-ին բաց նամակ հղեցինք, որը տարածվեց բազմաթիվ լրատվամիջոցներով:  Դատելով Ձեր լռությունից՝ տպավորություն է ստեղծվում, որ Դուք մոռացել եք, որ Ամուլսարը և շրջակա բնակավայրերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում և Դուք բարձրացված խնդիրները համարում եք օտար պետության և օտար ժողովրդի ներքին հարց:

Մենք հիշեցնում ենք, որ մենք Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ ենք, մեզ վրա նույնպես տարածվում են Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված բոլոր իրավունքներն ու պարտականությունները, իսկ Դուք ստանձնել եք պարտավորություն, որ կլուծեք մեր խնդիրները և կապահովեք, իրավական և սոցիալական պաշտպանվածությունը:  Մենք չենք զգում, որ պետությունը ցանկանում է արդարացի և օրինական ճանապարհով լուծել մեր խնդիրները: Ավելին՝ մենք կասկածներ ունենք, որ Կառավարությունը մեզ զոհաբերում է ոմանց տնտեսական և քաղաքական շահերի համար:  

Մեր պահանջները չեն փոխվել,

●       Պահանջում ենք Ամուլսարի շուրջն  ապրող մարդկանց ապահովել արժանապատիվ աշխատանքով:

●       Պահանջում ենք Ամուլսարի խնդիրը զերծ պահել քաղաքական շահարկումներից և հարցը լուծել բացառապես  իրավական դաշտում:

●       Պահանջում ենք, որ Կառավարությունը միջոցներ ձեռնարկի և անհապաղ բացի, մի քանի տասնյակ մարդկանց կողմից արդեն երկու տարի շրջափակված, հանքի ճանապարհները և թույլ տալ շահագործել այն:

●       Պահանջում ենք հանքի ճանապարհներն անօրինական փակած մարդկանց կարծիքը չընդունել, որպես համայնքի տեսակետ՝ նրանք չեն ներկայացնում ազնիվ, աշխատասեր և համայնքի ճակատագրով մտահոգ բնակիչներին, ավելին՝ այս երկու խմբերի միջև կան խորը անհամաձայնություններ ու լարվածություն, որը կարող է վերածվել արյունալի բախումների:

●       Պահանջում ենք լինել անկեղծ և ընդունել՝ բնապահպանական առումով Ամուլսարի հանքի շահագործման նախագիծը Հայաստանում լավագույնն է և իր չափորոշիչներով գերազանցում է բոլոր հանքերին:

●       Պահանջում ենք հավատարիմ մնալ Ձեր նախկինում արված հայտարարություններին, որոնցով Դուք պնդել եք, որ հանքը չշահագործելու իրավական պատճառներ չկան:

●       Պահանջում ենք հրաժարվել կրավորական կեցվածքից և զբաղվել մեր խնդիրներով: Մենք կանք, մենք գոյություն ունենք:  

Հարգանքով՝
Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներ

Կարդացեք նաև՝ Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները Կառավարության դիմաց պահանջում են բացել հանքը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին