ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Սիրելի հայրենակիցներ,
հաշվետու կերպով ձեզ եմ ներկայացնում՝
«Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցելու հայտերն ընդունվել են սահմանված կարգով՝ մինչև հունիսի 30-ը: Աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներից ստացել ենք շուրջ 550 հայտ՝ 26 երկրից: Սա աննախադեպ իրադարձություն է, երբ սփյուռքի նախարարությունը միաժամանակ ավելի քան 5 հարյուր մասնակից է ընդունելու նույն ծրագրի շրջանակներում: Հետևաբար, «Քայլ դեպի տուն» ծրագիրը լավագույնս կազմակերպելու և իրականացնելու համար մենք դեռ մեկ ամիս առաջ սկսեցինք համագործակցել «Դասավանդի՛ր Հայաստան» (Teach For Armenia) և «Դեպի Հայք» (Birthright Armenia) կրթական կազմակերպությունների հետ: Վերջիններիս ջանքերով մշակվել է ծրագրի կրթական մասը, իսկ դասընթացներն անցկացնելու համար մեր բազմակողմանի բանակցություններն ավարտվեցին օրեր առաջ, երբ համագործակցության շուրջ սկզբունքային համաձայնության եկանք Հայ-ռուսական համալսարանի (Russian-Armenian University - RAU) հետ: Այսպիսով, Հայ-ռուսական համալսարանը մեզ անվճար հիմունքներով կտրամադրի անհրաժեշտ քանակությամբ լսարաններ, կապահովի դասընթացների համար նախատեսված պայմանները, դե իսկ կրթական գործընթացը կղեկավարեն «Դասավանդի՛ր Հայաստան» և «Դեպի Հայք» կազմակերպությունների մասնագետներն ու ուսուցիչները:

Բացի այդ, հաշվի առնելով, որ մասնակիցների քանակը չափազանց մեծ է լինելու՝ մենք սկսեցինք նաև բանակցություններ վարել այլ կազմակերպությունների հետ: Արդյունքում Converse Bankը և ggտաքսին պատրաստակամություն հայտնեցին համալրելու ծրագրի հովանավոր-թիմակիցների շարքերը՝ այդպիսով մեծ աջակցություն ցուցաբերելով մեզ: Ասեմ, որ մենք բաց ենք նաև նոր առաջարկների համար. միայն ու միայն ուրախ կլինենք ընդլայնելու մեր թիմը:

Հիշեցնեմ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը (Սփյուռքի նախարարություն/ Ministry of Diaspora of the Republic of Armenia) օգոստոսի 10-24-ը իրականացնելու է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):

Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև ճամբարային քառօրյա ծրագիր»:
Կարդացեք նաև` Գառ պիտի մատուցեի՞ն ամեն երեխային, սև խավիա՞ր. «Արի տուն» ծրագիրը ժամանակավորապես կհետաձգվի. փողեր են մսխվել


