«Ճնշում չկա, ես պարզապես բոլորին կոչ եմ անում հաշվի նստել ժողովրդի տեսակետի հետ: Այո, կհանդիպեմ Արա Բաբլոյանի հետ, ինչո՞ւ ոչ: Անպայման կհանդիպեմ, կքննարկեմ, որպեսզի որևէ մեկի մոտ որևէ հավելյալ մտավախություն չլինի: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ԱԺ պատգամավորները, այդ թվում՝ մնացած բոլորը մեր քաղաքական գործունեության բովանդակությունը ճիշտ ընկալեն»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի վերջին հայտարարությանը:
Հարցին, թե Փաշինյանը տարբերակ տեսնո՞ւմ է, որ ՀՀԿ-ն խորհրդարանում կքվեարկի այլ թեկնածության, օրինակ՝ Քոչարյանի օգտին, Փաշինյանն ասաց.
«Ես, անկեղծ ասած, տարբերակ չեմ տեսնում: Պարզապես ցանկացա հիշեցնել՝ հարկավոր է իրավիճակը գնահատել իրատեսական, ավելորդ բարդություններից խուսափելու համար: Հիշու՞մ եք, ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իրեն ասում էի, որ ինքն ուղղակի իրավիճակը ճիշտ չի գնահատում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված սահմանադրական փոփոխությունը, որով անհրաժեշտ չէ ԱԺ-ի լուծարման համար վարչապետի հրաժարականը, Փաշինյանը մտավախություն ունի, որ չի վերադառնա իշխանության, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Սահմանադրական փոփոխությունն ինքնանպատակ չէ, կարող են լինել այլ լուծումներ, որոնք այդ հարցերն օրակարգից կհանեն, բայց, ընդհանուր առմամբ, ես ուզում եմ հետևյալն ընդգծել, որ որևէ քայլ չի կարող դուրս լինել Սահմանադրության և սիրո հեղափոխության տրամաբանությունից»: