Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին տեղեկացրել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) որդուն՝ Դավիթ Մովսիսյանին:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 30-ին: Զոհված զինծառայողի հարազատները չեն հավատում, որ նա դիմել է ինքնասպանության: Նրանք ի նշան բողոքի փետրվարի 2-ին դին բերում էին Արմավիրից Երեւան: Այդ ընթացքում նրանց մոտ էր գնացել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ հայտնել էր, որ որեւէ ապացույց չունի, թե սա ինքնասպանություն է:
Դեպքի առթիվ փետրվարի 2-ին ձերբակալվել էին Ավագյանի 3 ծառայակիցները՝ այդ թվում Դավիթ Մովսիսյանը:


