▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախը հանձնեցին Արցախի գործող իշխանությունները»․ Փաշինյանի նոր խորհրդական

«Հիմա մեր օրակարգում խաղաղության պայմանագիրն է, և մենք չպիտի շեղվենք խաղաղության պայմանագրից։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանը կարձագանքի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի նորանշանակ խորհրդական, Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը՝ կարևորելով սահմանազատման գործընթացը։
Ի վերջո ո՞վ հանձնեց Արցախը՝ հարցրեցին լրագրողները․ «Արցախը հանձնեցին Արցախի գործող իշխանությունները»,- պատասխանեց նա։
Հարցին, այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը ասում, որ Ռուսաստանն է հանձնել, Խաչատրյանը պատասխանեց․ «Գնացեք ԱԽ քարտուղարից հարցրեք»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նորանշանակ «խորհրդականը» ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչ խորհուրդներ պետք է տա Փաշինյանին, տալիս է միանգամայն անկեղծ պատասխան՝ «դեռ չգիտեմ, առաջարկը եղել է, ընդունել եմ»: Ինչպես ասում են՝ անկեղծության համար հնարավոր է նշանակել գերազանց: Իսկ ընդհանուր առմամբ, արտացոլում է այն, ինչ պետք էր ապացուցել՝ խորհրդականների կարևոր ինստիտուտը Հայաստանում ընդամենը իշխանական կարկանդակի մի քաղցր մաս է: Գործող իշխանությունն ունի վարկանիշային լուրջ խնդիր, ինքը հիանալի պատկերացնում է դա: Իսկ այդ պարագայում կարևոր է դառնում եղած ռեսուրսը «անփութորեն» չվատնելը: Եվ, որպեսզի նախկին մարզպետը նաև «հոգով նախկին» չդառնա, նրան պետք է հյուրասիրել կարկանդակի մի նոր կտոր»:

***

Փաստաբան Արսեն Բաբայանի գրառումը․ «Լոռու մարզի նախկին մարզպետը նշանակվել է վարչապետի խորհրդական։
Լրագրողները հարցնում են նրան, թե ո՞ր ոլորտներում եք խորհրդական լինելու, որին վերջինս պատասխանում է՝ դեռ չենք որոշել։
Ընդհանրապես, նորմալ կառավարման համակարգում, խորհրդականի կամ այլ պաշտոնի անհրաժեշտությունն առաջանում է աշխատանքի ծավալներից ելնելով։ Այլ կերպ՝ կա շատ աշխատանք կոնկրետ ոլորտում, աշխատողները քիչ են և անհրաժեշտ է նոր մարդկանց ներգրավել, որպեսզի հասցնեն աշխատանքը։
Իսկ ՀՀ ներկայիս իշխանությունը, փաստորեն, հակառակն է անում․ նշանակում է որևէ մեկին պաշտոնի և հետո սկսում են մտածել, թե ինչ աշխատանք կարող է կատարել այդ պաշտոնյան։
Վաղուց է արդեն, որ ՀՀ պետական համակարգը գլխի վրա շուռ են տվել․․․
Բայց այս պատմության մեջ, իմ համոզմամբ, ամենաամոթալի վիճակում հայտնվում է նա, ով համաձայնվում է աշխատել մի պաշտոնում, որի համար դեռևս չեն մտածել, թե ինչ աշխատանք պիտի կատարի»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին