▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախն այլևս կոչվում է ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտի»

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հոկտեմբերի 31-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության հիմնական բովանդակությունը հանգում է նրան, որ Արցախը՝ Լեռնային Ղարաբաղը, այլևս կոչվում է ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտի»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Սոչիի հանդիպման եզրափակիչ հայտարարությունը հիասթափեցնող է։

Թեպետ մինչ հանդիպումը քաղաքական եւ տեղեկատվական հոսքերում ինտենսիվորեն շրջանառվում էին Լեռնային Ղարաբաղի որոշակի սուբյեկտայնությանը վերաբերող մտքեր, սակայն հայտարարության բուն տեքստում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը բացակայում է իսպառ։

Անգամ այն հատվածում, որը վերաբերում է ռուս խաղաղապահների առաքելությանը, Արցախն անգամ աշխարհագրորեն հիշատակված չէ։

Դրա փոխարեն օգտագործված է «իր (առաքելության) տեղակայման վայրում» ձեւակերպումը։

Ռուսաստանի նախագահը ակնարկեց, որ հայտարարության նախագծից որոշ հատվածներ հանվել են։ Թեպետ, իհարկե, հետաքրքիր կլիներ տեսնել տեքստի նախնական տարբերակը, սակայն փաստը մնում է փաստ, որ ըստ ամենայնի Ադրբեջանին հաջողվել է հանել Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումները տեքստից։

Իսկ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիշատակումը նման փաստաթղթում առհասարակ հասկանալի չէ։ Այս հռչակագրի մասին բազմիցս խոսել ենք եւ կրկին կխոսենք։

Մենք քանիցս հայտնել ենք, որ կողմ կլինենք կարգավորման այնպիսի տարբերակի, որը խաչ չի քաշի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հեռանկարի եւ հնարավորության վրա։

Մեր ասածն ուժի մեջ է։

Ստորև՝ փաստաթուղթը, իսկ հայերեն թարգմանությունը՝ նյութի վերջում։ 

 

Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Սոչիում ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը ակտիվ նախապատրաստվելու կարևորությունը։ Համատեղ հայտարարությունը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքում։
Հայտարարության ամբողջական տեքստը՝ ստորև․

«Մենք, Ադրբեջանի նախագահ Ալիևը, Հայաստանի վարչապետ Փաշինյանը և ՌԴ նախագահ Պուտինը, հանդիպել ենք 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչի քաղաքում և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի նոյեմբերի 11-ի և 26-ի եռակողմ հայտարարությունների իրագործման ընթացքը։
Վերահաստատել ենք հանձնառությունը անվերապահորեն պահպանել բոլոր նշված պայմանավորվածությունները՝ ի շահ ադրբեջանա-հայկական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության ապահովման, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված մնացած խնդիրների անհետաձգելի լուծմանը, ներառյալ հումանիտար հարցերը։

Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումը իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծել ենք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված դրա ջանքերի արդիականությունը։

Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի 1991 թ. հռչակագրի։

Ընդգծել ենք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Առկա զարգացումների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունը դրան կցուցաբերի հնարավոր աջակցությունը։

Ընդգծել ենք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի աջակցությամբ հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև միջխորհրդարանական եռակողմ շփումների մեկնարկը՝ ամրապնդելու համար վստահությունը երկու երկրների ժողովուրդների միջև։

Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ շարունակելու ամեն կերպ նպաստել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Հարավային Կովկասում կայունություն և բարգավաճում ապահովելու համար»,-ասված է համատեղ հայտարարության մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին