ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:
2019 սեպտեմբերի 29-ին քաղաքացին՝ ծնված 1986 թվականին, հաղորդում է տվել այն մասին, որ օրեր առաջ՝ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին, ինքը 39 շաբաթական հղիությամբ բուժօգնության է դիմել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ ծննդաբերել է արական սեռի երեխա, և նույն օրը պտուղը մահացել է:
Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: Ծննդկանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են դատաբժշկական հանձնաժողովային և դատագենետիկական փորձաքննություններ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հարցումներ են ուղարկվել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենին և ՀՀ առողջապահության նախարարությանը, օպերատիվ հանձնարարություն է տրվել ոստիկանության աշխատակիցներին:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ խոսքը Հայկուհի Խաչատրյանի մասին էր, որը վերջերս ծննդաբերել էր «Հանրապետական» ծննդատանը: Հայկուհի Խաչատրյանի նորածինը մահացել էր: Այսօր նրան այցելել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ ասել, որ հետևողական է լինելու թե՛ բուժման և թե՛ դեպքի բացահայտման ամբողջ ընթացքին:
Հիշեցնենք նաև. Հայկուհուն հայտնել են, որ իր երեխան մահացել է, սակայն նրան մինչ օրս երեխայի մարմինը ցույց չեն տվել:
Կարդացեք նաև՝«Բանկայով մի քանի օրգան ցույց տվեցին՝ մարմին չկա, բոլորն ապշած են». անհետ կորած նորածնի մայրը գրառում է կատարել