Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Նիկոլ Փաշինյանը հավաք է անցկացնում ԱԺ-ի մոտ: Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել Բաղրամյան 26-ից ու միացել է ցուցարարներին։
Մինչ բարձրախոսների տեղադրելը, Փաշինյանը կարճ ելույթ ունեցավ ցուցարարների առջև:

«Ըստ էության` ես կարող եմ մեր այսօրվա կարգախոսները հստակ ասել: Այսօր երեկոյան տեղի է ունեցել տխրահռչակ նիստը, և օրենքն ընդունվել է: Օրենքի փոփոխություններին կողմ քվեարկած ՀՀԿ-ն ու նրան աջակցած ուժերը Հայաստանում հայտարարել են հակահեղափոխություն: Բայց դա նրանց չի հաջողվելու, որովհետև ժողովուրդը հաղթել է, և ուրեմն Հանրապետական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանի քաղաքական դաշտից»,-ասաց նա՝ ավելացնելով, որ արմատախիլ պետք է արվեն նաև բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք աջակցել են ՀՀԿ-ին:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մեծ աղմուկ հանած օրինագիծը՝ կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:


