««Իշխանության մեջ գտնվողները չեն կարող անել հայտարարություններ, որոնք հակասում են իշխանությունների քաղաքական գծին... ես նրանց 10 րոպե հետո կհեռացնեմ», 5 տարի առաջ հայտարարել էր Սերժ Սարգսյանը։ Իսկ այսօր նույն Սարգսյանի գլխավորած կուսակցության ներկայացուցիչները խոսքի ազատության սահմանափակում են համարում նոր կառավարության աշխատակազմի կանոնակարգը, ըստ որի՝ մամուլի հետ շփումներում պետք է չշեղվել կառավարության «գծից»»,-գրել է Արտակ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի խոսքը՝ տեսանյութով։
Հիշեցում-ակնարկը, թերևս, ուղղված է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին, ով ֆեյսբուքյան իր գրառմամբ հայտարարել էր, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը։
Իսկ այսօր տվյալ թեմայի շուրջ Արմեն Աշոտյանը ավելացրել է հետևյալը.
«Իշխանական ագիտպրոպը երեկվանից խառնվել է իրար` վարչապետի աշխատակազմի ղեկավարի սկանդալային շրջաբերականի հետ կապված:
Էլ Հ1, էլ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, էլ բլոգերներ, էլ իշխանության լծակներին հասած ՀԿ-ներ:
Ակնհայտ չբավարարվելով վարչապետի մամլո խոսնակի ոչ շատ հաջող հայտարարությամբ (Մի խումբ պաշտոնյաններ, Կառավարությունում մնալով, կոռուպցիա են քարոզում. վարչապետի մամուլի խոսնակը՝ ԶԼՄ-ների հետ առնչվելու կարգի անհրաժեշտության մասին) և չսպասելով վարչապետի պաշտոնական արձագանքին, փորձում են ետ բերել երեկվա կորցրածը:
Հարգելի գործընկերներ, մի շտապեք, առավել խոհեմ կլինի դադար վերցնել, տեսնել, թեման ինչպես է զարգանալու:
Արխիվային կադրերն էլ ազատ տնօրինեք, բայց միակողմանի մի եղեք, օրինակ, վերհիշեք նաև Նիկոլ Փաշինյանի զանազան գնահատականները՝ ԱԺ-ում հնչեցրած: Թե իրողության փոփոխությունը միայն ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերին էր վերաբերվում ;)
Կրկնում եմ, բարձրացված թեման և վարչապետին ուղղված հարցերը բացառապես իրավական հարթության մեջ են: Ու վարչապետի պատասխանից կախված, որը նա պարտավոր է տալ ՀՀ Սահմանադրության 112 հոդվածի շրջանակներում, խոստանում եմ թեմայի շարունակություն»: