Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում հյուրընկալվել է ֆրանսիական Safran խոշոր ավիատիեզերական ընկերության տաղավարում:
Ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը ծանոթացել է նրանց ներկայացրած վերջին նորույթներին ու նորարական համակարգերին։
Safran-ը բարձր տեխնոլոգիական միջազգային առաջատար ընկերություն է, որը նոր սերնդի համակարգեր և սարքավորումներ է մատակարարում աերոտիեզերական և ռազմարդյունաբերության ոլորտներին։
Նախագահ Սարգսյանն ընկերության՝ միջազգային հարաբերությունների հարցերով տնօրեն Ժան Պիեռ Ռայսաքի հետ քննարկել է Հայաստանի հետ փոխգործակցության հնարավոր ուղղություններն ու հեռանկարները։
Արմեն Սարգսյանը միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում այցելել է նաև համաշխարհային առաջատար Airbus ընկերության տաղավար:
Նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ներկայացված նոր մոդելների
տեխնիկական հնարավորություններին ու դրանցում կիրառվող նորարարական լուծումներին:
Ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Լիոնել Շամփոյի հետ նախագահ Սարգսյանը խոսել է Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունների մասին, առաջարկել այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ առկա ներուժին: Նա մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանը զարգացման մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում, որոնք հեռանկարային կարող են լինել Airbus-ի հետ համագործակցության առումով: Airbas-ի ներկայացուցիչները Հայաստան այցելելու պատրաստակամություն են հայտնել:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Air Asia ընկերության տաղավար: Ընկերությունը համարվում է ասիական տարածաշրջանի ամենահայտնի և ամենապահանջված լոուքոսթերը:
Air Asia ընկերության գործադիր տնօրեն Թոնի Ֆերնանդեսի հետ նախագահ Սարգսյանը քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները և առաջարկել գործունեության համար դիտարկել նաև հայաստանյան շուկան: Նախագահ Սարգսյանը նրան հրավիրել է այցելել Հայաստան, տեղում ծանոթանալ փոխգործակցության հնարավորություններին:
Թոնի Ֆերնանդեսը համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ընդունել է Հայաստան այցելելու հրավերը:


