Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած փաստաթղթին, որը վերաբերում է հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանը:
Նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային կարևորության հարց է, որը վերջնականապես կարող է լուծվել՝ միայն համազգային կոնսենսուսի հիման վրա։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությանն ու դրա դրույթներին:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց է, և, բնական է, որ դրան առնչվող ցանկացած որոշման ընդունում, առավել ևս՝ որևէ փաստաթղթի ստորագրում առաջացնում է մարդկանց կտրուկ արձագանքն ու հաճախ նաև ընդվզումը:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և հատկապես Ռուսաստանի Դաշնության կարևոր միջնորդական դերը պատերազմական գործողությունների դադարեցման գործում:
Հանդիպմանը կարևորվել է անվտանգության և կայուն խաղաղության անհրաժեշտությունը ողջ տարածաշրջանում: