Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ բարձրացրեց Նորք Մարաշում չթույլատրված ժամի գրանցված հրավառության մասին հարցը: Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ երեկ երեկոյան՝ կեսգիշերին, հրավառություն է եղել: Նախարարին մտահոգում էր հրավառության կազմակերպումը սահմանված ժամից հետո: Արսեն Թորոսյանն ասաց, որ մեկ երեխայի հանգիստ քունն ավելի կարևոր է, քան 500 հոգու քեֆ-ուրախությունը: Նախարարը նաև նշեց, որ այսպիսի դեպքերում ոստիկանությունը պատշաճ չի արձագանքում, հավելելով, որ տեսագրությունը համացանցում արդեն կա:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ 2 օր առաջ հայտարարություն են արել, նորից մեջբերել նախատեսված պատժամիջոցներն ու տուգանքները՝ խախտումների դեպքում: Նա հորդորեց նախարարին ներկայացնել փաստերը ոստիկանություն:
«Զարմանալի է, որ դուք դիմել եք, ու արդյունք չի եղել»,- ասաց ՀՀ ոստիկանապետը:
Վարչապետ Փաշինյանն էլ արձագանքեց, որ եթե եղել է նման դիմում, ու այն քննարկման առիթ չի դարձել, ապա ոստիկանապետը պետք է պատժամիջոց կիրառի հենց այս ոստիկանական բաժանմունքի նկատմամբ:
Առողջապահության նախարարը բացատրեց, որ խոսքը մեկ տարի առաջվա իր դիմումի մասին է, Գառնու ոստիկանությունը չի զբաղվել այդ հարցով: Օսիպյանն էլ փորձեց բացատրել, որ սա դժվար բացահայտվող խախտում է, քանի որ հրավառություն անողները կարող են արագ հեռանալ «դեպքի վայրից»:
Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նկատեց. «Կրակում են եւ փախչում»:
Այս քննարկումը զայրացեց վարչապետին. «Ժողովուրդ ջան, ի՞նչ է նշանակում այս քննարկումը: Չպե՛տք է լինի հրավառություն եւ վե՛րջ: Եթե ոստիկանությունը չի կարողանում ապահովել օրենքի կատարումը, ուրեմն վատ է աշխատում: Մի հատ օրենք ընդունեք, որ հրավառությունները կարգավորող օրենքը վատ է աշխատում»:
Կառավարությունում քննարկված այլ հարցեր`ստորև տեսանյութերում