▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարությունը 160 հազար բժշկական դիմակ է պահեստավորել

Կորոնավիրուսի նոր ենթատեսակը մոտեցել է Հայաստանի սահմանին, զուգահեռաբար էլ այստեղ շարունակում են սեզոնով պայմանավորված սուր շնչառական հիվանդություններ գրանցվել (չնայած իրավիճակը, ըստ ՀՀ առողջապահության նախարարության, կայունանում է), բայց դեղատներում գրեթե չկան բժշկական դիմակներ:

Արդեն քանի օր է՝ շատ քաղաքացիների անհանգստացնում է Հայաստանի դեղատներում դիմակների բացակայությունը կամ դրանց գների բարձրացումը:

armtimes.com-ի իրականացրած ուսումնասիրության ժամանակ պարզ դարձավ, որ Երեւանի մոտ 10-ը դեղատներից միայն մեկում կային դիմակներ: Մնացած բոլոր դեպքերում դրանք կա՛մ այսօր էին սպառվել, կա՛մ արդեն քանի օր է՝ բացակայում էին: Դեղատների աշխատողները նշեցին, որ նոր խմբաքանակ չեն ստացել, չգիտեն՝ երբ կլինի:

Նրանք հաստատեցին, որ այս օրերին մարդիկ շատ են գալիս դիմակ գնելու, եւ բացասական պատասխան ստանալուց հետո՝ հեռանում:

Պարզվեց, որ այն դիմակները, որոնք դեռեւս չեն սպառվել թանկացել են ոչ թե կրկնակի, այլ եռակի՝ հասնելով 130-150 դրամի. շատ դեղատներում դրանց գինը շաբաթներ առաջ 50 դրամ էր:

Դեղատների աշխատողներից ոմանք նշեցին, որ վերջին օրերին է այսպես թանկացել, ոմանք էլ չցանկանալով մանրամասնել՝ ընդգծեցին միշտ էլ 130 դրամ է եղել, չի թանկացել:

Կորոնավիրուսը որքան մոտենում է, այնքան մարդկանց մոտ խուճապային տրամադրություններ են նկատվում, եւ մեծանում է բժշկական դիմակների պահանջարկն ու սպառումը: Բացի այդ էլ հայտնի է, որ դրանք մեծ ծավալներով ուղարկվել են Չինաստան:  

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Չինաստանից ամեն օր մի խմբաքանակ բժշկական դիմակի պատվեր է լինում:

Շաբաթներ առաջ էլ չինական Սիան քաղաքն օգնություն էր խնդրել Գյումրիից, եւ Գյումրիի քաղաքապետարանը որոշել էր Չինաստան ուղարկել դիմակներ, բախիլներ, բժշկական այլ պարագաներ:

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը կարծում է, որ բժշկական դիմակների պակասը խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլեւ շատ երկրների համար, սակայն խուճապի պետք չէ մատնվել: Այս մասին այսօր նա նշեց լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ հավելելով, որ Կորոնավիրուսի նոր ենթատեսակից պաշտպանվելու համար մեր երկրում դեռեւս դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, կարեւոր է հիգիենան պահպանել, բացի այդ, ըստ նրա, միայն դիմակ կրելով՝ վիրուսից ամբողջովին պաշտպանվել հնարավոր չէ:

Վանյանի խոսքով՝ այսօր այդ խնդիրը լուծելու համար քննարկումներ են իրականացվում ԱՆ համապատասխան ստորաբաժանումներում: Նախարարությունն ունի որոշակի քանակով պահեստավորած դիմակներ՝ մոտ 160.000 հատ, այս պահին գործընթաց է տարվում լրացուցիչ դիմակներ ձեռք բերելու ուղղությամբ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին