Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան այսուհետ կգլխավորի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը հրաժարական է տվել մարզական այս կառույցի նախագահի պաշտոնից:
Ղեկավարի փոփոխությունը տեղի է ունեցել մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի արտահերթ համաժողովում: Ներկա է եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը, որը, մասնավորապես, հայտարարել է. «Վոլեյբոլը Հայաստանում ժողովրդականություն վայելող մարզաձևերից է, որի զարգացմանը սակայն խոչընդոտում են հրատապ լուծման կարիք ունեցող տարբեր խնդիրներ: Քննարկումների արդյունքում որոշվել է ՀՎՖ նախագահի պաշտոնում առաջադրել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ում ղեկավարությամբ, վստահ եմ, մարզաձևը վերելքի ուղի կբռնի»:
Կոնֆերանսին մասնակցող 30 պատգամավորները միաձայն ընտրել են Արթուր Բաղդասարյանին, որն, իր հերթին, հավաստիացրել է՝ ջանք ու եռանդ չի խնայի Հայաստանում վոլեյբոլի զարգացումն ապահովելու համար: Նորընտիր նախագահը հայտնել է, որ ՀՎՖ-ն համագործակցության պայմանագիր է կնքել Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ, որը կոչված է խթանելու մեր երկրում մարզաձևի առաջընթացը. տեղեկացնում են ՀՎՖ լրատվության ծառայության տեղեկատվության բաժնից: