▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արվեստի մարդն իրավունք չունի հուսաբեկ անելու տաղանդավոր երիտասարդությանը

Վաղուց ընդունված է ասել, որ Հայաստանում, մասնավորաբար տարբեր մրցույթների ժամանակ, միշտ պակասում է մի լավ ու կարևոր բան՝ շիտակությունն ու սկզբունքայնությունը, տարբեր խաղերից հեռու մնալու մղումը: Պակասում է արվեստի ու արվեստագետի հանդեպ անաչառ վերաբերմունքը: Բազմիցս ենք ականատես եղել տարբեր անարդար մրցույթների, այդ մրցույթներում կայացված ոչ արդար որոշումների: Բայց նաև բազմիցս մտածել ու հավատացել ենք, որ քայլ առ քայլ գալու ենք դեպի արդարությունն ու շիտակությունը, մրցույթներում նախապատվությունը տալու ենք ճշմարիտ որոշումներին… Այդպես էինք մտածում նաև ,,Հայաստանի ձայնը,, մրցույթը սկսվելու պահին, մանավանդ որ այստեղ ամեն ինչ լինելու էր կոլեգիալ որոշումների, թիմային մտածողության միջոցով: Եվ կարծես ամեն ինչ հարթ ու խաղաղ էր ընթանում: Հարթ ու խաղաղ մինչև այն պահը, երբ արդեն նշմարվում է մրցույթի ավարտը, երբ արդեն պիտի առանձնանա հաղթողը: Եվ այստեղ է, որ թիմերից մեկի ղեկավարը՝ Արտո Թունջբոյաջյանը, չկարողացավ այլևս իրեն զսպել ու հետևողականորեն, մրցութային ամեն մի համերգի ժամանակ, սկսեց թիրախ դարձնել շնորհաշատ պատանի երգչուհի Մաշա Մնջոյանին՝ իսկապես տաղանդավոր մի աղջնակի, ով պարտադրում է մեզ խոսել հզոր ձայնածավալի ու հզոր ուժի մասին, այս աղջնակի մեջ տեսնել մի երգչուհու, ով այսօր արդեն կարող է դուրս գալ միջազգային բեմ ու զարմացնել բոլորին: Արտո Թունջբոյաջյանն այլևս դիտողությունների ու քննադատությունների համար ,,հենարաններ,, չգտնելով, անսպասելիորեն սկսեց խոսել բառերի արտաբերման մասին՝ դրանք համարելով երգչուհու մեծագույն թերությունը… Իհարկե, երգեցողության մեջ կարևոր հատկանիշ է բառի ճիշտ արտաբերումն ու հնչողությունը, այսպես կոչված՝ երգչական դիկցիան, բայց կան երգիչ-երգչուհիներ, ովքեր չեն կարողանում բառային ֆոնդը ճշգրիտ մատուցել՝ բնականաբար չթերանալով մեղեդու ճիշտ մատուցման մեջ: Հիշենք տաղանդաշատ երգչուհի Արաքս Մանսուրյանին, որի միակ թերությունը բառի մատուցումն է: Ուրիշներն էլ կան: Սակայն դա չի կարելի համարել վրիպում, քանի որ նաև գալիս է կատարողի անհատականությունից: Մաշա Մնջոյանն այդ խնդիրը չունի, շատ երգեր կատարելիս նա ճշգրտորեն է մատուցում բառը, սակայն Արթուր Գրիգորյանի ստեղծագործության կատարման մեջ իսկապես պատանի երգչուհին ամեն ինչ կառուցելով մեղեդու ճիշտ արտաբերման վրա՝ երբեմն չկարողացավ հասնել բառի պատկերի ստույգ վերարտադրմանը: Ու սա էլ, ինչպես նաև Արթուր Գրիգորյանի երգը, դարձան Արտոյի համար քննադատելի թիրախներ… Քննադատել կարելի է, կարելի է նշել թերությունները. Անքննադատելիության մասին չենք խոսում: Դա անընդունելի է: Սակայն այստեղ զարմանալին այն է, որ Արտոն շատ ,,սևեռուն,, կերպով փորձում է ի ցույց դնել ,,Մաշայի,, թերությունները՝ այսպիսով նրան դարձնելով խոցելի քվեարկության ժամանակ: Բնականաբար, ունկնդիրները, ովքեր պիտի քվեարկեն, կարող են Արտոյի դիտողությունները հիմք ընդունելով՝ չքվեարկել Մաշայի օգտին՝ այսպես իրականացնելով Արտոյի երազանքը՝ այս երգչուհուն դուրս մղել՝ նրա տեղը ,,վերապահելով,, մեկ ուրիշի… Ո՞վ է այդ մեկ ուրիշըԼ Հավանաբար, դա արդեն գիտեն Արտոյի գործընկերները, որոնցից ոմանք արդեն հաղորդման ընթացքում են հակադրվում Թունջբոյաջյանին՝ անընդունելի համարելով այս ոչ ազնիվ մոտեցումը: Ինքը՝ Թունջբոյաջյանը, մեծ դժվարությամբ է արտաբերում երգի տեքստը, շատ հաճախ անհասկանալի է, թե ինչի մասին է նա երգում, սակայն բոլորս ներողամտությամբ ենք վերաբերում նրան, որովհետև շնորհաշատ արվեստագետ է, ինքնատիպ երգիչ: Բայց երբ հենց Արտոն է խոսում դիկցիայի մաքրությունից՝ ուղղակի դառնում է զավեշտալի: Այս դեպքում՝ տհաճ, որովհետև այս ամենի տակ ,,ենթատեքստեր,, կան: Արտոն օրերս ,,շարքից հանեց,, Աննա Ավետյանին՝ դարձյալ մի շնորհալի երգչուհու: Վստահաբար ասենք, որ այս ծրագիրն արդեն նա հաջողությամբ է իրականացնում՝ հասնելու համար իր նպատակների իրագործումին… Տխուր է, ցավալի է, մերժելի է: Մրցույթներն իրենց պայմաններն ունեն, սակայն արվեստի մարդն իրավունք չունի տրվելու ,,խաղերի,, , իրավունք չունի հուսաբեկ անելու տաղանդավոր երիտասարդությանը: Հատկապես այն երիտասարդությանը, որի առջև կարող են բացվել եվրոպական բեմերի ճանապարհները:


Լևոն Մութաֆյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին